Գլխավոր Տնտեսական Լավ և վատ նորություններ՝ Նիկոլ Փաշինյանից

Լավ և վատ նորություններ՝ Նիկոլ Փաշինյանից

222
0

«Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնը առանձնացրեց երկու կարևոր նորություն. լավ նորությունն այն է, որ Արժույթի միջազգային հիմնադրամն իր վերջին զեկույցներից մեկում արձանագրել է, որ եթե ՀՀ-ում հարկեր-ՀՆԱ ցուցանիշը 0.3 տոկոսի շարժ ունենա, դա ստվերի դեմ պայքարի հարցում կհամարվի լավագույն հաջողություն ՀՀ համար:

«Այս տարվա կանխատեսումներով կամ այսօրվա վիճակով մենք հարկեր-ՀՆԱ ցուցանիշը բարելավել ենք մոտավորապես 1.2 տոկոսով, այսինքն՝ Արժույթի միջազգային հիմնադրամի լավագույն ռեկոմենդացիաներից 4 անգամ ավելի: Իհարկե, տարվա արդյունքներով տեմպը որոշակի փոփոխություն գուցե կրի, բայց կան ակնհայտ փաստեր, որոնք վկայում են, որ ստվերի կրճատման հետ կապված՝ մենք աննախադեպ իրավիճակում ենք»,- ասել է ՀՀ կառավարության առաջանորդը:

Գործադիրի ղեկավարը, սակայն, չթաքցրեց վատ նորությունը ևս. վարչապետի խոսքով՝ վատ նորությունները վերաբերում են վարքագծային կոմպոնենտին.

«Այստեղ ասվեց, որ վարքագիծը երբեմն շատ դժվար է լինում փոխել, բայց մյուս կողմից էլ այդ վարքագծի փոփոխությունը երևի պետք է ընդունենք առանց դիմադրելու, որ ժամանակ պետք է տանք»,- ասաց Փաշինյանը:

Նա բերեց Գյումրիի օրինակը՝ նշելով, որ անկախության այս տարվա տոնակատարություններն անցկացվեցին Գյումրիում, քաղաք այցելել է 15 հազար մարդ:

«Նրանք, ովքեր այդ օրերին եղել են Գյումրիում, կարող են վկայել, որ ռեստորաններում ու սրճարաններում ընդհանրապես տեղ չկար, շատ մեծ տնտեսական շարժ կար: Եվ ինձ համար հետաքրքիր էր, ասացի՝ հետաքրքիր է՝ սեպտեբերի 21-ին Գյումրիում առևտուրն ինչ շարժ է արձանագրել:

Եվ ինձ համար անսպասելի իրողություն պարզվեց՝ ՀԴՄ կտրոնները քանակով տպվել են նույն չափի, ինչքան նախորդ օրերին: Ընդամենը առևտրի ծավալը 10 մլն դրամով մեծացել է, բայց տպված ՀԴՄ կտրոնների թիվը չի փոխվել: Սա իրականում շատ վատ նորություն է: Այդ օրը Գյումրիի մեր գործընկերներն իմացել են, որ հարկայինը ոչ մի բան չի անելու, ոչ ռեյդ է լինելու, ոչ մի բան չի լինելու»,- նշեց նա:

Ըստ Փաշինյանի՝ այսինքն՝ կառավարությունն իր միջոցներով նման մասշտաբային միջոցառում է անցկացրել, որը Գյումրիի բիզնեսի համար աննախադեպ հնարավորություն է: Բայց այդ բիզնեսն իր կողմից կես քայլ պետք է անի, թե՞ ոչ, հարցադրում արեց վարչապետը: Ըստ նրա՝ տնտեսական հեղափոխությունը չի կարող լինել մենախոսություն, երկխոսություն պետք է լինի:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ուրախացնող է այն, որ այս տարվա առաջին ութ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 75 մլն հատ ավելի տպված ՀԴՄ կտրոն ունենք: Իսկ 10 ամիսների տվյալներով՝ այդ թիվն արդեն հասել է 85 մլնի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ