Գլխավոր Հայաստան Լիլիթ Մակունցը անհասկանալի է համարում կուսակցությունների դիրքորոշումը

Լիլիթ Մակունցը անհասկանալի է համարում կուսակցությունների դիրքորոշումը

46
0

Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ ճեպազրույցում կարծիք հայտնեց, որ քաղաքական կուսակցությունները քաղաքական դիրքորոշում չեն հայտնում համապետական քաղաքական իրադարձությանը: Մակունցը կարծում է, որ չնայած նրան, որ քաղաքական կուսակցությունները պաշտոնապես «Ոչ»-ի ճակատ չեն ձևավորել, բայց նրանց քարոզչությունն ու հանրաքվեն բոյկոտելու կոչերը անթաքույց խոսում են հենց այդ ճակատի ձևավորված լինելու մասին:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն անհասկանալի է համարում կուսակցությունների նման դիրքորոշումը, քանի որ և «Այո»-ն, և «Ոչ»-ը  քաղաքական պատասխանատվության հարցեր են:

Լրագրողի հարցին ի պատասխան, թե արդյոք քաղաքական կուսակցությունների բոյկոտը չի ստվերում հանրաքվեի գործընթացը, Լիլիթ Մակունցը ևս մեկ անգամ բացատրեց, թե հանրաքվեն ինչի մասին է. «Հիմա ասեմ, թե ինչի մասին է այս հանրաքվեն: Հանրաքվեն վերաբերում է Սահմանադրության ընդամենը՝ մեկ հոդվածի, որով նախատեսվում է փոփոխություն՝ վերականգնելու Սահմանադրական դատարանի այն մոդելը, այն ձևը, որը հաստատվել է 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով, և այն հավանության է արժանացել միջազգային այն գործընկերների, այն կառույցների կողմից, որոնց նախապես ուղարկվել է որոշակի եզրակացության համար»:

Խոսելով ՍԴ-ի նախագիծը Վենետիկի հանձնաժողով չուղարկելու մասին՝ Մակունցն ընդգծեց, որ դեռևս քաղաքական որոշում այդ հարցի հետ կապված չկա: Եվ հավելեց, որ 2015-ին նոր Սահմանադրությունն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, և այնտեղից եկել է դրական եզրակացություն: Այն փոփոխությունները, որ կան նոր Սահմանադրությունում՝ կապված ՍԴ-ի հետ, այսօր չեն գործում: Եվ հանրաքվեի միջոցով կգործարկվի արդեն հավանության արժանացած Սահմանադրությունը:

Հայկ Մագոյան