Գլխավոր Հասարակություն Խոշոր ավտովթար Երևանում

Խոշոր ավտովթար Երևանում

340
0

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։45-ի սահմաններում Աթենքի փողոցում՝ «Հրազդան» մարզադաշտ տանող ճանապարհին, բախվել են Mercedes 222 S 63 մակնիշի M 888 KB 777 RUS համարանիշի, Mercedes մակնիշի 35 FN 794 համարանիշի և Opel Astra մակնիշի 35 ZN 921 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, ռուսական համարանիշներով Mercedes-ի վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով վթարից 2 ժամ անց դիմել է հիվանդանոց։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարից հետո ռուսական համարանիշներով Mercedes-ի վարորդը դուրս է եկել ավտոմեքենայից և մի իսկական «համերգ ցույց տվել» ու փորձել է վթարի մեղավոր հանել վթարված մյուս ավտոմեքենաների վարորդներին և այդ պահին ճանապարհի թույլատրելի հատվածով անցնող Rolls Royce մակնիշի 07 QQ 007 համարանիշի ավտոմեքենայի վարորդին։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Մայբախի վարորդը շոու սարքելու ընթացքում, երբ նկատեց, որ ճանապարհային ոստիկանները մոտենում են, դեպքի վայրից հօդս ցնդեց, ու տեղում արդեն ժամանած ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Ավետիս Բազիկյանի գլխավորությամբ տևական ժամանակ փնտրում էին նրան և միայն ժամեր անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ նա բժշկական օգնություն ստանալու նպատակով դինել է հիվանդանոց»։

Փաստի առթիվ նույն դասակի ավագ տեսուչ Դավիթ Երզնկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում և այդ նախապատրաստված նյութերը փոխանցվելու են ՃՈ հետաքննչական բաժանմունք։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ռուսական համարանիշներով Mercedes-ը վարել է Գոռ Մեխակյանը, ով հանրությանը հայտնի «Նեմեց Ռուբո» մականվամբ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի ազգականն է, և նա անցյալ տարի Սարյան փողոցում նույնպես վարորդների համար ստեղծելով վթարային իրավիճակ՝ հայտնվել էր վթարի մեջ և այդ վթարի ժամանակ նույնպես դուրս էր եկել ավտոմեքենայից և մի իսկական շոու սարքել, ապա, երբ մոտեցել էին ճանապարհային ոստիկաններն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները, «գող կատվի նման» հեռացել էր դեպքի վայրից, սակայն հետո ներկայացել էր Երևանի ճանապարհային ոստիկանություն։

Ռուսական համարանիշներով Mercedes-ը տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները, ովքեր նշում էին, որ անզեն աչքով էլ երևում է, որ Rolls Royce-ը ոչ մի խախտում չի կատարել, վթարային իրավիճակ չի ստեղծել, ու զարմացել էին, թե ինչպես է Mercedes 222 S 63-ի վարորդը վթարից հետո նաև նրան մեղադրում վթարային իրավիճակ ստեղծելու մեջ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: