Խուճապի մատնվելու կարիք չկա. սուր շնչառական վարակներով դիմելիությունը նվազել է 1,1 անգամ. ԱՆ

    55
    0

    Փետրվարի 12-ին նկատվել է իրավիճակի կայունացում, իսկ որոշ ցուցանիշներով՝ նաև նվազում: Օրինակ՝ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններ սուր շնչառական վարակներով դիմելիությունը նվազել է 1,1 անգամ։ Սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության համաճարակաբանական մշտադիտարկումը շարունակվում է նաև դպրոցներում և նախադպրոցական կազմակերպություններում: Այսօրվա տվյալներով՝ հանրապետությունում սուր շնչառական վարակներով բացակայությունը կազմել է 5,8%-ը: Նման ցուցանիշ արձանագրվել է նաև փետրվարի 11-ին: Սուր շնչառական վարակների տարածումը կրթական հաստատություններ հնարավորության սահմաններում բացառելու նպատակով, ներգրավվելով շահագրգիռ կառույցների ներուժը՝ շարունակվում է «համաճարակային ֆիլտրը»: Արդյունքում՝ չի թույլատրվել 1032 երեխայի մուտքը կրթական հաստատություններ: 380-ը Երևանում, 652-ը՝ մարզերում:  

    Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունն ու մեկ անգամ եւս  հորդորում քաղաքացիներին խուճապի չմատնվել, զերծ մնալ մասնագիտական ոչ ճիշտ մեկնաբանություններից, քանի որ Գիտության, կրթության, սպորտի և մշակույթի նախարարության հետ համատեղ քննարկվում է ստեղծված իրավիճակը:

    Հիշեցնենք, որ լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն՝ շարունակում է գրիպի Ա H1N1 ենթատեսակի և Բ տեսակի, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչների (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրուս) շրջանառությունը: