Գլխավոր Իրավական Ծնողները բողոքել են դպրոցում երեխաների նկատմամբ բռնության գործադրման դեմ

Ծնողները բողոքել են դպրոցում երեխաների նկատմամբ բռնության գործադրման դեմ

59
0

Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը Հայաստանի մարզերից մեկի դպրոցներից մեկում ֆիզկուլտուրայի ուսուցչի կողմից 6-րդ դասարանում սովորող իր որդու և դասընկերների նկատմամբ պարբերաբար բռնություն գործադրելու հարցը կարգավորելու համար:

Ինչպես  տեղեկացնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, քաղաքացու դիմումի համաձայն՝ ծնողները ուսուցչի պահվածքի մասին տեղյակ են պահել դպրոցի տնօրենին, որը հավաստիացրել է, թե կուսումնասիրի խնդիրը և միջոցներ կձեռնարկի, սակայն որևէ միջոց չի ձեռնարկել:

Հաշվի առնելով բողոքով բարձրացված խնդրի կարևորությունը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավասու ներկայացուցիչներն այցելել են տվյալ դպրոց և խնդիրը քննարկել դպրոցի տնօրենի, մարզպետարանի ներկայացուցչի, 6-րդ դասարանի դասղեկի, դասարանի 28 աշակերտների, նրանց ծնողների, ինչպես նաև ենթադրյալ բռնություն գործադրած ֆիզկուլտուրայի ուսուցչի հետ:

Քննարկմանը ներկա բոլոր ծնողները Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների ներկայությամբ պնդել են, որ ֆիզկուլտուրայի ուսուցիչը ֆիզկուլտուրայի դասերի ժամանակ պարբերաբար բռնություն է գործադրել երեխաների նկատմամբ: Պաշտպանի աշխատակազմի իրավասու ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել 6-րդ դասարանի թվով 28 աշակերտների հետ, որի ընթացքում երեխաները հաստատել են իրենց նկատմամբ բռնության դեպքերը, ինչպես նաև նշել տվյալ ուսուցչի կողմից բռնության այլ դեպքերի մասին, որոնց վերաբերյալ ծնողները տեղեկացված չեն եղել:

Դպրոցի 6-րդ դասարանի աշակերտների և նրանց ծնողների հայտնած տեղեկությունների կապակցությամբ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ, որի շրջանակում գրություններ են ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն և մարզպետարան:

Պաշտպանը գրությամբ մարզպետարանից պարզաբանումներ է պահանջել բարձրացված հարցի կապակցությամբ, իսկ ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկված գրությամբ բարձրացրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակում նկարագրված հանգամանքները ստուգելու հարցը:

Քննարկման արդյունքում դպրոցի տնօրենի հրամանով ուսուցչին ոչ վայել պահվածքի համար ֆիզկուլտուրայի ուսուցչի նկատմամբ կիրառվել է «նկատողություն» կարգապահական տույժը և դասերի բնականոն ընթացքը չխաթարելու նպատակով 6-րդ դասարանի ֆիզկուլտուրայի դասաժամերն այլ ուսուցչի են փոխանցվել։ Միաժամանակ, մարզպետի կողմից դպրոցի տնօրենին հանձնարարվել է դպրոցի ուսուցչական անձնակազմի հետ տանել համապատասխան բացատրական աշխատանքներ՝ դպրոցում բացառապես մանկավարժական մեթոդներ կիրառելու և ուսումնական գործընթացի բնականոն ընթացքը խստագույնս պահպանելու նպատակով: