Գլխավոր Մշակույթ Կախի հայկական փողոցի անցյալն ու ներկան. պատմության հետքերով

Կախի հայկական փողոցի անցյալն ու ներկան. պատմության հետքերով

17
0

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կախի հայկական փողոցի անցյալն ու ներկան. Կախի կամ Կախավան փոքր քաղաքը գտնվում է ներկայիս Ադրբեջանի հանրապետությունում, Շաքի և Զաքաթալա քաղաքների միջանկյալ հատվածում, Մեծ Կովկասի անտառածածկ լանջերի ստորոտին: Համանուն շրջանի կենտրոնն է:

Հիմնականում Հին Նախիջևանից և Արցախից փոխադրված հայերն այստեղ վաճառականական նպատակներով հաստատվել էին 1820-ական թթ. և աշխույժ գործունեություն ծավալելով մինչև 1905 թ., ըստ էության, Կախի ողջ առևտուրը կենտրոնացրել էին իրենց ձեռքում:

Կախում հայերը հիմնականում բնակվում էին մեկ փողոցի՝ երկու կողմից ձգվող միմյանց կից և միայն իրենց պատկանող գլխավորապես կրկնահարկ քարաշեն տներում, որոնց առաջին հարկերը ծառայում էին որպես խանութներ կամ արհեստագործական արտադրամասեր, իսկ երկրորդ հարկերը՝ բնակելի նպատակների:

Կախեցի հայերը հաճախ էին ենթարկվում տեղացի կամ լեռնցի ավարառու ցեղերի (հատկապես լեզգիների) գիշերային հարձակումներին, որով անվերջ նյութական կորուստներ էին կրում: Հայկական փողոց-թաղամասն ավելի ապահով դարձնելու նպատակով դեռ 1860-ականներին հայերը որոշում են կառույցներով լրացնել տնից-տուն ազատ մնացած մակերեսները, իսկ փողոցի երկու ծայրերին կառուցում են կամարով միմյանց միացած բերդանման զույգ բուրգ-աշտարակներ, որոնց մեջ տեղադրվում են ներսից մետաղական հուսալի փականներով երկփեղկանի մեծաչափ հզոր դռներ: Այս կերպ յուրաքանչյուր օրվա վերջում ամուր կողպվում էին փողոցի երկու ծայրերի դարպասները, որով գիշերն անցնում էր առանց պատահարների:

1984թ. ավելի քան 3000 բնակիչ ունեցող քաղաքում ապրում էին նաև 17 հայեր: Մեծ բարեբախտություն եմ համարում, որ ինձ բախտ վիճակվեց քաղաքում հանդիպել միակ լուսանկարչատան սրահի տեր Անդրիասով Վանյային. մի տարեց և պատկառելի մարդ, ով հանձն առավ ընկերոջս և ինձ առաջնորդել քաղաքում և մատնացույց անել հատկապես այն ամենն, ինչն առնչվում էր մեզ՝ հայերիս հետ: Այս փողոցի մասին վերը շարադրածս տեղեկությունների համար էլ իրեն եմ պարտական:

Ներկայումս այս փողոցը Կախի միակ տեսարժան փողոցն է, որտեղ գիտական վերականգնումների հետ որևէ առնչություն չունեցող ավելի դեկորատիվ և կարծես բեմական աշխատանքներ են կատարվել: Համենայնդեպս, փողոցը դարձրել են քաղաքի այցեքարտը, որի մասին հեքիաթներ են շարադրել դարպասի մոտ զետեղված ցուցանակներին, ստորաբար չհիշելով և չվկայակոչելով պատմական և ոչ մեկ տեղեկություն փողոցի ծագման-ձևավորման մասին…»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ