Գլխավոր ժամանց «Կասանդրա» սերիալի Ռանդուն՝ հայերի, ցեղասպանության ու արվեստի մասին

«Կասանդրա» սերիալի Ռանդուն՝ հայերի, ցեղասպանության ու արվեստի մասին

893
0

Խորհրդային միության փլուզումից հետո հայկական հեռուստաալիքները ողողվեցին բրազիլական, վենեսուելական, կոլումբիական հեռուստասերիալներով: Դրանցից մեկը «Կասանդրա» հեռուստասերիալն էր (1992 թ.), որը սիրեց հայ հանդիսատեսը: Araratnews.am-ը  հրապարակել է հարցազրույցներ սերիալի գլխավոր դերակատարների՝ Օսվալդո Ռիոսի, Կորայմա Տորեսի հետ:

Ընթերցողները, սակայն, ցանկանում էին նաև ծանոթանալ սերիալի մյուս գլխավոր դերակատարին՝ Հենրի Սոտոյի հետ, որը մարմնավորում էր գնչու Ռանդուի կերպարը: 

Araratnews.am-ին հաջողվել է կապ հաստատել դերասանի հետ: 

Պարոն Սոտո, նախեւառաջ շնորհակալ եմ, որ համաձայնեցիք մեզ հարցազրույց տալ: Դերասան երազել եք դառնալ 12 տարեկանից: Ընտրել եք թատրոնը: Ինչո՞ւ, ի՞նչ է այն ձեզ համար:

Թատրոնն իմ կյանքն է, իմ կիրքը, իմ շաբաթական թերապիան, դա մարդկանց հետ շփվելու իմ ձևն է:

Թատրոնում ի՞նչ սկզբունքով եք ընտրում դերը. խաղում եք ցանկացած դե՞ր, թե՞ բծախնդիր եք:

Շատ բծախնդիր եմ դեր ընտրելիս, պետք է դերի եւ տեքստի միջեւ անուղղակի կապ լինի:

Հենրի Սոտոն բեմում եւ բեմից դուրս տարբե՞ր մարդ է:

Շատ տարբեր են. բեմում կերպարն է, որին հոգացել է Հենրի Սոտոն, բեմից դուրս՝ ես Հենրի Սոտոն եմ, որի մասին մտածում է Հենրի Սոտոն:

Յուրաքանչյուր ներկայացումից հետո բեմից եւ հանդիսատեսից ի՞նչ տպավորություններով եք դուրս գալիս: 

Բեմից  տանում եմ իմ աշխատանքի հոգնածությունը, իսկ հանդիսատեսից՝ նրա սերը, ծափերը: Առանց այդ վերջաբանի՝ թատրոնն իմաստ չունի:

Թատրոնի դերասանները հաճախ ֆիլմում, սերիալներում են նկարահանվում՝ հայտնի դառնալու, լավ գումար վաստակելու համար: Դուք եւս այդպե՞ս եք անում:

Իհարկե: Եվ ես դա արել եմ արդեն 35 տարի անընդմեջ, միայն հիմա Վենեսուելայում չկա հեռուստատեսություն՝ վատ պետական քաղաքականության, կառավարության կամայական հարձակումների պատճառով: Հիմա մենք ունենք ոչնչացված արդյունաբերություն ու երկրի  արտադրական ապարատ: Ես սիրում եմ գեղեցիկ սերիալներ նկարահանել: Եթե իրավիճակը փոխվի, ապա կշարունակեմ նկարահանել սերիալներ ու փոքրիկ պատմություններ:

Հայ հեռուստադիտողը ձեզ հիշում է «Կասանդրա» հեռուստասերիալից՝ Ռանդուի կերպարով: Կխնդրեի պատմել, ինչպե՞ս համաձայնեցինք  խաղալ գնչու Ռադուի կերպարը: 

Ես անմիջապես համաձայնեցի, քանի որ մեծ պատիվ էր, որ Խոսե Անտոնիո Մենդեսը՝ ռադիոկայանի փոխտնօրենը, Ալբերտո Ջարկոն՝ դրամայի (նկատի ունի այն գործը, որի հիման վրա նկարահանվեց սերիալը- հեղ.) ռեժիսորը, Դելիո Ֆիալոն ընդունելու էին ինձ: Այդ դերն ինձ համար երազանք ու պատիվ էր, մեծ գրողի  գլխավոր դերերից հեղինակավորը:

Հե՞շտ էր նվիրյալ, անձնազոհ, իր սերը փնտրող եւ այդպես էլ չգտած գնչու Ռանդուի դերը կերտելը:  

Շատ դժվար էր սկսելը՝ դարձվածքներ, երկար տեքստեր անծանոթ լեզվով, լրիվ նոր՝ գնչուական մշակույթ ինձ համար: Վենեսուելայում չկա արմատավորված գնչուական մշակույթ: Բայց այդ ամենը յուրացնելուց հետո այն դարձավ մատչելի, եւ հեշտ էր ներկայացնել Ռանդուին:

«Կասանդրա»-ից հետո սերիալի ձեր գործընկերների հետ կապ ունե՞ք: Ունե՞ք «Կասանդրա»-ից լավ ընկերներ:

Սոցիալական ցանցերի շնորհիվ կապ ունեմ Օսվալդոյի, Կորայմայի, Էսպերանսա Մագասի հետ, որոնց հետ երջանիկ եմ, որ աշխատել եմ: Սակայն դերասանների մեծ մասը հեռացել է Վենեսուելայից:

Կա՞ դերասան, որը ձեզ ոգեշնչում է, ձեր ուսուցիչն է:

Իմ ուսուցիչները շատ են: Ես երբեք չեմ դադարում սովորել: Նելսոն Օրտեգան իմ առաջին կապն էր թատրոնի եւ թատերական տեխնիկայի հետ, նաև՝ Խուան Կառլոս Գենան, Ռեյնալդո Գոնսալեսը, Ռոջելիո Ապոնտեն, Իբրահիմ Գուերան և ուրիշներ: 

Դուք դասավանդո՞ւմ եք, փոխանցո՞ւմ եք ձեր փորձը երիտասարդ դերասաններին:

Այո, ես փորձում եմ փոխանցել իմ փորձն ու գիտելիքը: Էականն այն է, թե հետագայում ինչպես է այն դրսեւորվելու: Եվ երբ տեսնում ես արդյունքը, ուրախանում ես, որ ժայռին մի ավազահատիկ էլ դու ես դրել:

Ամուսնացել եք երիտասարդ տարիքում: Ընտանիքը, աշխատանքն ու արվեստը ինչպե՞ս եք համատեղում: Խորհուրդ կտա՞ք այլոց եւս այդպես վարվել՝ վաղ ամուսնանալ, ընտանիքն ու աշխատանքը համատեղել: 

Իմ ընտանիքը, երեխաներս առաջին տեղում են: Անձնական կյանքս իմն է ու մասնավոր: Ես այդպիսի խորհուրդ չեմ տալիս, բոլորն ապրում են այնպես, ինչպես ուզում են: 

ԱՄՆ-ը երազանքների երկիր է, որտեղ դուք ապրել եք դեռահաս տարիքում, սովորել մինչեւ 12 տարեկանը: Ցանկություն ունե՞ք ձեր կիսատ թողած երազանքն ավարտելու՝ մեկնեք ԱՄՆ, աշխատեք եւ ապրեք այնտեղ կամ ձեր երեխաներին այնտեղ ուղարկեք:

Ես սովորում և ապրում էի ԱՄՆ-ում, քանի որ ծնողներս ինձ ուղարկեցին այնտեղ: Շատ երիտասարդ էի, և դա իմ որոշումը չէր: ԱՄՆ-ն ինձ դուր եկավ ավելի ուշ, երբ ճարտարապետություն էի ուսումնասիրում: Հետո ֆինանսական խնդիրների պատճառով վերադարձա հայրենիք: Այստեղ՝ Վենեսուելայում իմ լավագույն ամերիկյան երազանքը կատարվեց՝ աշխատեցի զբոսաշրջության ոլորտում, հյուրանոցներում, օդանավակայաններում, ուսումնասիրեցի «ամերիկյան երազանք» ասվածը: Ներկայացումների շնորհիվ եւս հասկացա ամերիկյան երազանքը, հակառակ դեպքում զբոսաշրջության մասին չէի իմանա ոչինչ: 

Եվ վերջին հարցը: Ի՞նչ գիտեք, հայերի, հայկական մշակույթի մասին: Ունե՞ք արդյոք հայ ընկերներ:

Դժբախտաբար, ձեր երկրի պատմությունը շատ ցավալի է: Երկիր, որը, ոմանք պնդում են՝ Եվրոպայում է, մյուսներն ասում են՝ Ասիայում է… հայերի ցավալի մեծ ցեղասպանությունը… Ես չեմ հասկանում «սահմաններ» ասվածը: … Հայ ընկերներ ռեալ չունեմ, բայց վիրտուալ նրանք շատ են: 

Սոնա Դավթյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ