Գլխավոր Հայաստան ԿԸՀ-ը հաստատեց Սահմանադրական հանրաքվեի ժամանակացույցը

ԿԸՀ-ը հաստատեց Սահմանադրական հանրաքվեի ժամանակացույցը

34
0

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր հրավիրված արտահերթ նիստում հաստատել է ապրիլի 5-ին նշանակված Սահմանադրական հանրաքվեի ժամանակացույցը: Նախընտրական քարոզչությունը մեկնարկելու է փետրվարի 17-ին և տևելու է մինչև ապրիլի 3-ը ներառյալ:

Համաձայն «Հանրաքվեի մասին օրենքի»՝ քարոզչությունը մեկնարկում է հանրաքվե նշանակելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակումից  հետո, 7-րդ օրը:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ներկայացնելով հանրաքվե անցկացնելու ժամանակացույցը, ասաց, որ այն ներառում է 104 միջոցառումների շարք, որոնք պետք է կատարել օրենքով սահմանված կարգով՝ հանրաքվեն պատշաճ կերպով կազմակերպելու համար: Եվ առավել մանրամասն ներկայացրեց կողմերի գրանցման հետ կապված առանձնահատկությունները. « Ըստ օրենքի՝ ունենալու ենք «Այո» և «Ոչ» նախաձեռնություններ: «Այո»-ի գրանցումը ամրագրված է օրենքի ուժով, իսկ  «Ոչ»-ի գրանցումը կատարվում է հետևյալ կերպ. գրանցման իրավունքից կարող է օգտվել նախաձեռնությանը դեմ քվեարկած պատգամավորը կամ պատգամավորները: Այդ գործառույթն իրականացնելու համար սահմանված է յոթօրյա ժամկետ: Եթե այդ ժամկետում դիմումներ չեն գրանցվում, ապա դրանից հետո ՀՀ 50 քաղաքացիներ կարող են ձևավորել համապատասխան խումբ և դիմել ԿԸՀ՝ «Ոչ» նախաձեռնությանը միանալու և գրանցվելու համար»:

Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիները կարող են «Ոչ» նախաձեռնության համար գրանցվել փետրվարի 18-ից սկսած, այն դեպքում, երբ պատգամավորներից որևէ մեկը հանդես չգա նման նախաձեռնությամբ:

Հայկ Մագոյան