Գլխավոր Առողջապահություն Կոռուպցիոն սկանդալ է հասունանո՞ւմ. ազատված բժիշկների հետքերով

Կոռուպցիոն սկանդալ է հասունանո՞ւմ. ազատված բժիշկների հետքերով

720
0

Araratnews.am-ը երեկ անդրադարձել էր թիվ 19 պոլիկլինիկայի բժիշկների բողոքին, ըստ որի՝ մանկաբույժներն առողջապահության նախարարի հրամանով ազատվել են աշխատանքից, քանի որ վերամասնագիտացած չեն եղել: Իսկ ազատված մանկաբույժների  պարտականությունները, ըստ մեր տեղեկությունների, կատարում են մեծահասակների բժիշկները, ինչը եւս օրենքի խախտում է:

Ի պատասխան այս բողոքին՝ առողջապահության նախարարությունը երեկ հայտարարություն  էր տարածել եւ հիշեցրել՝ ներկայացված մասնագետները չեն համապատասխանել լիցենզիայով նախատեսված տեսակներին, այդ պատճառով էլ նման որոշում է կայացվել:

Խնդրին անդրադարձավ նաև Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը: Նա նախ հիշեցրել էր, որ խոսքը վերաբերում է ոչ միայն թիվ 19 պոլիկլինիկային, այլեւ ամբողջ ՀՀ-ի այն պոլիկլինիկաներին, որտեղ երեխաներ են սպասարկվում:

Կ. Բաբինյանը նաև ասել էր, որ 55 ազատված բժիշկներին ազատելը պայմանավորված է  2014 թվականին կառավարության 952 որոշմամբ:

Կամսար Բաբինյանի պարզաբանումն առաջացրեց նոր հարցեր, որոնց պատասխանը փորձեցինք ստանալ հենց նրանից: Հայտնի է, որ առողջապահության նախարարությունը քաղաքականություն մշակող, իսկ քաղաքապետարանը, որին ենթակա են Երեւանի պոլիկլինիկաների մեծ մասը, քաղաքականություն իրականացնող մարմին է: Հետևաբար, հարց է առաջանում՝ ինչո՞ւ քաղաքապետարանը, այս դեպքում նախկին իշխանության ներկայացուցիչները, չեն ապահովել 55 բժշկի վերամասնագիտացումը: Կամսար Բաբինյանի խոսքով՝ այդ ամենը պետք է աներ առողջապահության նախարարությունը:

Մեր հիշեցմանը, թե առաջնային օղակի աշխատակիցների վերապատրաստման ու վերամասնագիտացման բոլոր հարցերը կարգավորում է առաջնային օղակի տնօրինությունը, որն էլ ենթակա է Երեւանի քաղաքապետարանին, Բաբինյանն ասաց. «Բոլորն իրազեկված են եղել դրա մասին: Նենց չի, որ այդ խնդիրը նոր է ի հայտ եկել»:

Դարձյալ հարց է առաջանում՝ եթե գիտեին բոլորը, ինչո՞ւ  լիցենզավորման գործընթաց չի եղել, ինչո՞ւ քաղաքապետարանը չի կազմակերպել այդ գործընթացը մինչ 2019 թվականի հոկտեմբերի 15-ի՝ առողջապահության նախարարի հրամանը: «Այսինքն՝ կազմակերպելը ո՞րն է»,- հարցին հարցով պատասխանեց Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետը:

Պատասխանեցինք՝ քաղաքապետարանը՝ որպես վերահսկող մարմին, ինչո՞ւ չի հիշեցրել, չի պահանջել առաջնային օղակի ղեկավարներին կառավարության որոշումը կատարել: «Անգամ այսօր բժշկական ինստիտուտում չկա կոնկրետ այդ գծով վերապատրաստում կամ օրդինատուրա (նկատի ունի այն մասնագիտացումները, որոնց մասին խոսել է առողջապահության նախարարությունը- հեղ.): Դա է խնդիրը: Մենք գրություն ենք ուղարկել նախարարություն եւ ասել՝ խնդիր կա: Նախարարությունից մեզ պատասխանում են՝ պետք է առաջնորդվեք 952 հրամանով»,- ասաց պարոն Բաբինյանը:

Նորից հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ պատկան մարմինը 2014 թվականի համապատասխան որոշումից բխող հարցերին հետամուտ չի եղել, ինչո՞ւ է հիմա միայն այդ գրությունը ուղարկվում: «Բոլորը ստացել են այդ որոշումը, եւ պետք է առաջնորդվեին դրանով: Վերջ»,-ասաց Բաբինյանը՝ հարցին հստակ չպատասխանելով:

«Հիմա պոլիկլինիկաները չեն  կատարել կառավարության որոշումը, դուք էլ վերահսկող մարմին եք, ինչո՞ւ չեք  ապահովել այդ գործընթացը»,- նորից հարցնում ենք Կամսար Բաբինյանին:

«Լիցենզիոն ամբողջ գործընթացը, եթե չեմ սխալվում, պետական առողջապահական տեսչական մարմնի կողմից է կատարվում»,- պատասխանում է պաշտոնյան:

«Այսինքն՝ տեսչական մարմինը առաջնային օղակի ղեկավարին ասեր՝ ինչո՞ւ բժիշկները չեն լիցենզավորվել»,- հետաքրքրվեցինք Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետից:

«Ես չգիտեմ՝ ով ում գնար, ինչ ասեր, ես ձեզ հստակ պատասխանեցի, սիրելիս: Կներեք, ես զբաղված եմ»,- ասաց Բաբինյանը:

Փաստորեն, առաջնային օղակի տնօրենները, քաղաքապետարանը, քաղաքապետարանի առողջապահության վարչության պետը իրենց մեղավոր չե՞ն համարում այս վիճակի համար: «Ես նորից եմ կրկնում՝ 2014 թվականից բոլորը տեղյակ են եղել, որ այս խնդիրը կա»,- ասաց Բաբինյանը:

Այսքանով ավարտվեց մեր զրույցը, որի  ընթացքում մեր հարցերի պատասխանները, ըստ էության, չստացանք:

Ինչ վերաբերում է ազատված բժիշկների պարտականությունները կատարելուն, քաղաքապետարանից տեղեկացրին՝ ազատված բժիշկների փոխարեն պայմանագրային հիմունքներով մասնագետ չունեցող պոլիկլինիկաները ժամանակավորապես կսպասարկեն այլ բուժհաստատությունների տվյալ պրոֆիլի մասնագետները, մինչեւ խնդիրը կանոնակարգվի:

Հ.Գ. Հիմա վերլուծեք իրավիճակը՝ հիմք ընդունելով երկու պատկան կառույցների պատասխանը: Հոդվածի սկզբում գրեցինք, որ առողջապահության նախարարությունը քաղաքականություն մշակող մարմին է, իսկ առաջնային օղակը մեծ մասամբ ենթակա է Երեւանի քաղաքապետարանին: Կամսար Բաբինյանի պատասխաններից բխում են հարցեր՝ առաջին՝ 2014-20199 թվականներին ինչպես են լիցենզիա չունեցող, այսինքն՝ համապատասխան որակավորում չունեցող մասնագետներն աշխատել առաջնային օղակում, ինչպես են սպասարկել հիվանդներին՝ փաստացի չունենալով  վերամասնագիտացում, հիվանդի կյանքն էլ վտանգելով:

Երկրորդ՝ եթե Երեւանի պետական բժշկական համալսարանում անգամ այսօր չկան որոշակի մասնագիտությունների գծով վերապատրաստում կամ օրդինատուրա, ինչպես ասում է Բաբինյանը, ինչու այս հարցերը պատկան մարմինները հաշվի չեն առել որոշումն ընդունելուց առաջ կամ գոնե քննարկեին որոշումն ընդունելուց հետո, երբ հասկացան, որ խնդիր կա:

Երրորդ՝ ինչո՞ւ քաղաքապետարանն աշխատանքից չի ազատում նաև առաջնային օղակի տնօրեններին, որոնց անգործության պատճառով այս իրավիճակն է ստեղծվել:

Չորրորդ՝ առաջնային օղակի ղեկավարները, Երեւանի քաղաքապետարանի նախկին կազմը ինչպես են  հանդուրժել, որ մանկաբույժ աշխատեն չլիցենզավորվածները: Արդյոք դա եղել է առանց կաշառքի, առանց միջնորդության, թե այնուամենայնիվ, հավաստի են օդում կախված այն լուրերը, որ ազատված բժիշկների մի մասը կաշառքով է ընդունվել աշխատանքի: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները, կարծում ենք, պետք է տան ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ:

Սոնա Դավթյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ