Գլխավոր Հայաստան Կորոնավիրուսը մեզ գարուն է պարտք

Կորոնավիրուսը մեզ գարուն է պարտք

37
0

Տնից ենք աշխատում: Դժվար է, բայց՝ անհրաժեշտություն: Գործից տուն գնալու պրոցեսը շատ սահուն է ստացվում. աշխատանքի ես, մեկ էլ նոթբուքը փակելուց հետո հոպ՝ հայտնվում ես տանը: Ոնց որ կախարդական ֆիլմերում, բայց ի՞նչ ֆիլմ. իրականությունը երբեք այսքան սթափ ու սառը չի եղել:

Զարմանալի է, տնից աշխատելով, ավելի շատ եմ հոգնում, քան խմբագրությունում: Հիմա էլ գարուն է, զարթոնք: Ինչ հաճույքով կգնայի աշխատանքի ու ոչ միայն: Սակայն ունենք այն՝ ինչ ունենք:

Երեկ գործն ավարտելուց հետո մեխանիկորեն ձեռքս գցեցի հեռախոսիս`ուղիղ Ինսթագրամ։ Սովորություն է, էլի: Սոցցանցերի գերին ենք դարձել: Հետաքրքիր նորություն էի փնտրում, պաշտոնական ու կորոնավիրուսյան բազմագույն տեղեկատվությունից կշտացած:

Թերթում եմ ինսթայիս էջը. նկարներ, տեսանյութեր, գեղեցիկ կանայք, սթորիներ ու բոլորիս հայտնի աստղային դեմքերի պես-պես հրապարակումներ:

Մել էլ աչքովս ընկավ ընկերներիցս մեկի գրառումը`կից լուսանկարով՝ «Կորոնավիրուսը մեզ գարուն է պարտք»։ Իսկապես, կարդալուց հետո ինձ բռնացրեցի այն մտքի վրա, որ ինձ, բոլորիս հենց գարունն է պակասում։  Էս գարունը մի տեսակ մերը չէ: Մեզանից այն գողացել են: Ավելի ճիշտ՝ գողացել է կորոնավիրուսը:

Մենք չունեցանք այս գարունը, բայց, փոխարենը, ավելի շատ բան ունեցանք: Այսօր գիտակցեցինք մեր պատասխանատվության արժեքը, որ ինչքան սիրուն ու կանչող գարուն լինի, միևնույն է, հանուն մեր քաղաքացիների՝ մնալու ենք տանը:

Երևի սա էլ էր պետք՝ դարձյալ մեր միասնականության մեջ համոզվելու համար։ Սա էլ ենք հաղթահարելու։ Հուսով եմ՝ կորոնավիրուսը մեզ միայն էս գարունը պարտք կմնա:

Հայկ Մագոյան