Գլխավոր Տնտեսական Հայաստանը Վերին Լարսում մաքսային կցորդ կունենա

Հայաստանը Վերին Լարսում մաքսային կցորդ կունենա

8
0
Կառավարության այսօրվա նիստում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրեց Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի կարգավիճակը և գործունեության կարգը սահմանելու մասին որոշման նախագիծը:
Նա նշեց, որ ձեռք է բերվել պայմանավորվածութուն, որ այսուհետ Վերին Լարսում ՀՀ ներկայացուցիչը կլինի մաքսային կցորդ, որը հնարավորություն կունենա ծագած հարցերին տալ օպերատիվ լուծում կամ լուծման առաջարկներ:
Դավիթ Անանյանի խոսքով՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը կից է գործելու մաքսային կցորդը, լինելու է մեկ մաքսային կցորդ, որը ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմնի խորհրդականի կարգավիճակ է ունենալու:
Կցորդին պաշտոնի նշանակում ու ազատում է ՀՀ կառավարությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս ընթացքում Հայաստանը Վերին Լարսում մեծ ճգնաժամեր կամ անհաղթահարելի իրավիճակներ չի ունեցել:
«Կարելի է արձանագրել, որ Ռուսաստանի ու Վրաստանի մեր գործընկերների հետ շատ լավ աշխատանքային մթնոլորտ է ու շատ օպերատիվ աշխատում ենք, ուղղակի մաքսային կցորդի կարգավիճակը կօգնի, որ ՀՀ կառավարության անդամները բոլոր հարցերով չէ, որ զբաղվեն, որովհետև շատ կարևոր հարցերը երբեմն տուժում են դրանից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ ասաց, որ ԱԳՆ-ն ողջունում է այս որոշումը:
«Վստահ եմ, որ, մեր կցորդին ունենալով այնտեղ, շատ հարցեր կդյուրացնենք, շատ ողջունելի է, որ այս հարցին լուծում ենք տալիս»,- ասաց ԱԳ նախարարը: