Գլխավոր Սպորտ Հայաստանի հավաքականից միայն Euro-ի ուղեգիր են սպասում. հարցազրույց Վարդան Մինասյանի հետ

Հայաստանի հավաքականից միայն Euro-ի ուղեգիր են սպասում. հարցազրույց Վարդան Մինասյանի հետ

4
0

54739_345px

Հայաստանի հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանն այսօր հարցազրույց է տվել Спорт-Экспресс-ին: Հարցազրույքը ներկայացնում ենք ստորև.

– Վարդան, վերջերս ՈՒԵՖԱ-ն հրապարակեց Euro-2016-ի նախընտրական մրցաշարի անցկացման նոր սխեման, ըստ որի՝ Ֆրանսիա կմեկնեն ինը խմբից երկուական լավագույն հավաքականներ՝ այն թիմը, որը լավագույն ցուցանիշով երրորդ տեղն է գրավել խմբում, ինչպես նաև եզրափակիչ խաղերի հաղթողները: Այս կանոնակարգը ձեռնտո՞ւ է Հայաստանի հավաքականին, թե՞ ավելի լավ  տարբերակներ էլ են եղել:

– Իհարկե, ձեռնտու է: Թեկուզ, մեծ հաշվով, ինչպիսին էլ չլինի ընտրության սխեման՝ այժմ, փաստացիորեն, ամեն երկրորդ եվրոպական հավաքականը Euro-ի մասնակից է դառնում: Դատեք ինքներդ՝ ՈՒԵՖԱ-ում այժմ 53  հավաքական կա՝ ներառելով նաև Ջիբրալթարը, իսկ Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն դրանցից 24-ը: Մի քանի «փոքրերի» դուրս հանեք, և հենց 48 թիվը կստացվի:

– Այժմ, թերևս հաստատ Հայաստանի հավաքականի նպատակը մեկն է լինելու՝ Euro-ի մասնակցության իրավունք ձեռք բերել:

– Մեր առջև միշտ մեկ նպատակ է դրվում: Սեփական թիմի և հակառակորդի հզորությունից անկախ՝ մեզ մոտ մաքսիմալի հասնելու խնդիր է եղել: Եվ երկու վերջին ընտրական տուրերում մենք մոտ էինք այդ խնդրի լուծմանը:

– Ձեր ղեկավարության տակ հավաքականը նախկինում անհասանելի բարձրունքների հասավ…

–Հնարավոր է, բայց միևնույն է, մենք աշխարհի մրցաշարի ուղեգիր ձեռք չբերեցինք, թեև դրա համար մինչև վերջ պայքարեցինք: Իսկ հիմա, ինչ մեղքս թաքցնեմ՝ Հայաստանի հավաքականը լավ հնարավորություն ունի իր պատմության մեջ առաջին անգամ այսպիսի խոշոր մրցաշարի մասնակցի: Լավ կլիներ, եթե փետրվարի 23-ին մեր  բախտը բերեր, քան անցած անգամ: Քանի որ Իտալիայի, Դանիայի և Չեխիայի հետ նույն խմբում լինելը, ինչպես անցած ընտրության ժամանակ էր, համաձայնվեք, ամենալավ տարբերակը չէ:

–Այժմ, ձեզնից որպես արդեն անկախ մարդուց կարելի է հետաքրքրվել, որքանո՞վ եք դուք ինքներդ գնահատում Հայաստանի հավաքականի ուժերը: Ասենք՝ հետխորհրդային տարածության մեջ լավագույն եռյակի մեջ կմտնի՞:

–Այս մասին ասվում է նույնիսկ ՖԻՖԱ-ի վարկանշային ցուցակում, ուր մեզանից առաջ միայն Ռուսաստանն ու Ուկրաինան են: Դե բավական է նայել այն ակումբներին, որոնք ներկայացնում են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին՝ նրանց մակարդակի մասին համոզվելու համար: Կրկին չեմ ուզում համեմատել ռուսական և ուկրաինական ֆուտբոլիստների հետ, բայց կարծում եմ, որ բոլորը շատ լավ հասկանում են, թե մեր թիմը հիմա որքան ուժեղ է:

–Ոչ բոլորն են մինչ այժմ հասկանում, թե ինչու դուք թիմը հիմիկվա մակարդակին հասցնելով՝ որոշեցիք լքել այն: Ընդ որում, հենց այն ժամանակ, երբ թիմի առաջ պատմության մեջ առաջին անգամ որևէ խոշոր մրցաշարում մասնակցելու իրական հնարավորություն առաջացավ:

–Ուղղակի ինչ-որ բան փոխելու ժամանակն էր: Պրոֆեսիոնալ աճի համար ինձ ամենօրյա աշխատանք է պետք, իսկ դա հնարավոր է միային ակումբի մակարդակով: Ցանկացա ինձ ակումբային ֆուտբոլի ասպարեզում փորձել և նոր տեղում հաջողությունների հասնել: Հիմա մի քանի տարբերակ կա, կարծում եմ՝ մոտակա ժամանակ վերջնական ընտրություն կկատարեմ:

–Ռուսաստանից առաջարկություններ կա՞ն:

– Մեկ առաջարկություն ստացել եմ, բայց հրաժարվել եմ:

– Քիչ էին առաջարկո՞ւմ:

– Չէ, հարցը փողի մեջ չէր:

– Իսկ ինչի մե՞ջ:

– Նրանց ոչ լրջության:

– Եվ նորից… Որքանով ես գիտեմ, շատ հայ երկրպագուներ երազում են, որ դուք վերադառնաք հավաքական, որի համար, ամեն ինչից անկախ, համապատասխան մարզիչ չեն կարողանում գտնել:

– Ես հավաքականում մի քանի անկրկնելի տարի եմ անցկացրել և շատ հպարտ եմ մեր կատարած աշխատանքի համար: Բայց ես արդեն որոշում եմ ընդունել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ