Գլխավոր Գյուղատնտեսություն Հայաստանյան ոչխարի միսը մեծ պահանջարկ ունի արաբական երկրներում և Իրանում

Հայաստանյան ոչխարի միսը մեծ պահանջարկ ունի արաբական երկրներում և Իրանում

10
0

2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին տրվող հարցերի մեծ մասը վերաբերում էր գյուղատնտեսական ոլորտին: ԱԺ ԼՀ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը մասնավորապես հետաքրքրվեց, թե որքանով է ոչխարաբուծության ոլորտը զարգանում՝ հատկապես, որ այդ հարցում առկա է պետական աջակցության ծրագիր:

«Կառավարության աջակցության ծրագրի հիմնավորման մեջ խորհրդային շրջանի ինչ-որ թվեր են բերված: Ուզում եմ հասկանալ, եթե մենք աջակցում ենք ոչխարաբուծությանը, իրացմանը ինչ-որ կերպ պետությունն աջակցելո՞ւ է, ինչ-որ հաշվարկներ կա՞ն դրա հետ կապված, դա ներքի՞ն շուկայի համար է, թե՞ արտահանման պրոցես պետք է սկսել: Եթե արտահանում ենք, ֆերմերները կարո՞ղ են դա իրագործել, թե՞ կրկին պետական աջակցության կարիք կա նաև այդ հարցում»,- նշեց Գևորգ Գորգիսյանը:

Արձագանքելով պատգամավորի հարցին՝ նախարար Խաչատրյանը տեղեկացրեց, որ պետությունը աջակցում է տոհմային ոչխարաբուծությանը՝ վարկերի և տոկոսների սուբսիդավորման, ինչպես նաև ծախսերի փոխհատուցման եղանակով՝ կապված կոնկրետ իրավիճակի և ծավալի հետ: Ըստ զեկուցողի, գործելու են նաև արտոնություններ՝ սահմանամերձ գոտու, տնտեսվարող անձի սոցիալական վիճակի և այլ գործոններով պայմանավորված:

«Արաբական շուկաներում և հարևան Իրանում բարձր է հայաստանյան արտադրության ոչխարի մսի պահանջարկը: Անցյալ տարիների միտումներով մենք գների ճշտում ենք կատարել, ինչը տնտեսական առումով հետաքրքիր ու շահավետ է դարձնում այդ բիզնեսով զբաղվելը»,- վստահեցրեց Տիգրան Խաչատրյանը: