Գլխավոր Առողջապահություն Հայաստանում դիակային դոնորներից փոխպատվաստումային բժշկությունը զարգացնելու մտադրությունն ուժի մեջ է

Հայաստանում դիակային դոնորներից փոխպատվաստումային բժշկությունը զարգացնելու մտադրությունն ուժի մեջ է

143
0

Հայաստանում դիակային դոնորներից օրգանների փոխպատվաստումային բժշկությունը զարգացնելու մտադրությունն ուժի մեջ է։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով երիկամի փոխպատվաստման հարցին, նշեց, որ Հայաստանում այժմ իրականացվում են երիկամի փոխպատվաստումներ կենդանի դոնորից։ Փոխպատվաստումների համար մասամբ վճարում է պետությունը, Արսեն Թորոսյանն ասում է՝ երիկամի յուրաքանչյուր փոխպատվաստման համար 2,5 միլիոն դրամ են հատկացնում։

Դիակային դոնորներից փոխպատվաստումների մասին տեղեկությունները բուռն արձագանք առաջացրին։ Նախարարն ասում է՝ որեւէ առողջ քննադատություն չի լսել․

«Մեր հայրենակիցները գնում են լյարդի, երիկամի փոխպատվաստման ուրիշ երկրներ, վճարում 30-ից մինչեւ 100, 150 հազար դոլար, եւ մի մասը դիակային օրգաններից փոխպատվաստումներ են, այն երկրները, որտեղ էդ համակարգերը գործում են»,- ասում է նա։

Ինչպե՞ս է տեղի ունենալու վերահսկողությունն այս պարագայում։

«Ամեն ինչ կա՝ իրավական ակտերի մակարդակով։ Սկսած ուղեղային մահ դիագնոզը դնելուց, քանի դեռ ուղեղային մահ ախտորոշումը դրված չի, օրգան չենք կարող վերցնել։ Մենք հասկանում ենք, որ շատ զգույշ եւ նուրբ պետք է գնանք առաջ, բայց որ պետք է գնանք, դա միանշանակ է»,- նշում է նախարարը։

Արսեն Թորոսյանի խոսքով՝ գործելու է, այսպես կոչված, հրաժարվելու ինստիտուտը, ոչ թե համաձայնելու։ Այս մասին գրում է a1plus.am-ը:

«Երբ մենք արդեն հայտարարենք, որ պատրաստ ենք դրա մեջ մտնել, պետք է ասենք, որ ով ուզում է հրաժարվել, որ իր ուղեղային մահվանից հետո իր օրգանները չօգտարործվեն՝ այլ մարդու կյանքը փրկելու համար, կարող է գնալ ու հրաժարականի դիմում գրել։ Եվ մենք ռեեստրում կտեսնենք, որ այդ մարդու օրգաններն օգտագործելու իրավունք չունենք, իսկ ովքեր չեն հրաժարվի, նրանց օրգանները կկարողանանք օգտագործել»։

Նախարարը կարեւորում է լրատվամիջոցների, սոցիալական հոլովակների դերն այս հարցում, բացատրելու համար, որ դա մարդասիրական քայլ է՝ ուրիշի կյանքը փրկելու համար եւ ուրիշ ոչինչ։

Նախարարը տեղեկացրեց նաեւ՝ հաջորդ շաբաթ Արաբկիր բժշկական կենտրոնում տեղի կունենա լյարդի փոխպատվաստման վիրահատություն, այս անգամ՝ երեխայի։

«Լյարդի փոխպատվաստում է լինելու՝ երեխայի, մեզ օգտնելու են մեր բելառուս գործընկերները»։

Դպրոցներում սննդի վերահսկողության հարցը

Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կազմակերպված «Գրիպի և շնչառական այլ վարակների վերաբերյալ» իրազեկման դասընթացի շրջանակներում, պատասխանելով լրագրողների հարցերին, Արսեն Թորոսյանն անդրադարձավ դպրոցներում սննդի խնդրին։

Ո՞վ պետք է իրականացնի դպրոցներում սննդի վերահսկողությունը հարցին ի պատասխան՝ նախարարը նշում է՝ Առողջապահության նախարարությունը ոչ մի վերահսկողական ֆունկցիա չունի․

«Ժամանակին վերահսկողական ֆունկցիաները տարանջատվել են եւ տրվել տեսչական մարմիններին, սննդի մասով՝ ունենք Սննդի անվտանգության տեսչական մարմին, ով իրականացնում է բուն վերահսկողությունը։ Մենք քաղաքականություն մշակող ենք մնացել, բայց խնդիրն այն է, որ մենք նույնիսկ սննդի անվտանգության քաղաքականություն մշակող էլ չենք։ Եթե ֆունկցիաների տարանջատման առումով նորմալ է ունենալ տեսչական եւ քաղաքականություն մշակող մարմիններ, ապա սննդի մասով, որ ուղիղ առողջությանն է վերաբերվում, քաղաքական մշակումը ոչ առողջապահական գերատեսչությունում է։ 2008 թվականին դա փոխանցվել է գյուղատնտեսության նախարարությանը»,-ասում է նա՝ նշելով՝ հետո, երբ գյուղնախարարությունն անցավ Էկոնոմիկայի նախարարությանը, հիմա Էկոնոմիկայի նախարարությանն է վերապահված սննդի անվտանգության քաղաքականության մշակումը։

«Մենք ուզում ենք վերադարձնել մեզ, որովհետեւ պրոֆեսիոնալ եւ զուտ գերատեսչական առումով՝ մեզնից ավելի լավ դրանից ոչ մեկ չի հասկանում»։

Չորրորդ մակարդակի համարվող կանչերի մասին

Արսեն Թորոսյանն օրեր առաջ Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել էր, որ Երևանի Նոր Նորք համայնքում հոկտեմբերի 15-ից իրականացվող փորձարարական ծրագրի շրջանակներում շտապօգնության կայանից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ պոլիկլինիկա ուղղորդվել է թվով 5 չորրորդ մակարդակի համարվող կանչ (ոչ շտապ): Կանչերը սպասարկվել են պոլիկլինիկայի բժշկի և բուժքրոջ կողմից՝ մարդատար մեքենայի միջոցով։

«Բոլոր դեպքերում կանչ տվողները եղել են քրոնիկ հիվանդություններով քաղաքացիներ, որոնք ստացել են սիմպտոմատիկ բուժում: Հաջորդ առավոտյան արդեն իրենց պոլիկլինիկական կցագրված բժիշկի կողմից կատարվել է ակտիվ այց` երեկոյան հերթապահ բժիշկի տրված տեղեկատվության հիման վրա»,- գրել էր նա:

Լրագրողների հետ զրույցում նախարարն ասաց՝ Նոր Նորքից են սկսել, որովհետև աշխարհագրորեն այն տարանջատված է մյուս շրջաններից։

«Բժշակական կենտրոնում եղած մեքենաներով է արվում։ Սա իմ երազանքներից հաջորդն էր, առաջինը ուղղաթիռն էր․․․ Սա արվում է շտապօգնության ծառայության գործը թեթեւացնելու համար։ Նաեւ ինչ-որ ձեւով պոլիկլինիկական համակարգի վստահությունը բարձրացնելը, իրենք գնան պացիենտի մոտ։ Մենք խնդիր ունենք, վստահությունը բարձրանելով, պոլիկլինիկաներ այցերը բարձրացնելու»։

Արսեն Թորոսյանը գրեթե վստահ է, առնվազն Երեւանի առումով այս ծառայությունն ունենալու ենք, այնուհետեւ կփորձեն մյուս մեծ քաղաքներում։

Հանդիպում «Իմ քայլը» խմբակցության հետ

Արսեն Թորոսյանն անդրադարձավ նաեւ Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության հետ տեղի ունեցած հանդիպմանը։ Նշեց՝ հանդիպումն ինքն էր նախաձեռնել, ներկա է եղել մոտ 15-20 պատգամավոր․

«Հարցը երևի բոլորին չի հետաքրքրել»։

Առողջապահության նախարարը շուտով հանդիպումներ կունենա ԱԺ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների հետ՝ Ծխախոտի մասին օրենքի վերաբերյալ հարցերին պատասխանելու համար։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ