Գլխավոր Վերլուծական Հայկական հարց, թուրքական մառազմ, հրեական ապտակ…

Հայկական հարց, թուրքական մառազմ, հրեական ապտակ…

53
0

Հայ-թուրքական և թուրք-իսրայելական հակասությունների թեման կարծես ոչ սկիզբ ունի, ոչ՝ վերջ. այս պատմական հակընդդեմությունը ունի խորագույն արմատներ ու դրդապատճառներ: Սրանց հատման կետը հաճախ դառնում է Հայոց ցեղասպանության թեման:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին այս օրերին մասնակցում էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը միջազգային այդ կարևոր ամբիոնը հերթական անգամ ծառայեցրեց Անկարայի շիզոֆրենիկ ու ազգայնական նախասիրություններին՝ խաղաղության, մարդասիրության ու համագործակցության համընդհանուր և փոխընդունելի կոչերի ու հռետորաբանության փոխարեն նախընտրելով մեղադրանքների ու կոշտ տեքստերի ամբողջ զինանոցը…

Թուրքիայի առաջնորդը կրկին մեղադրեց Իսրայելին՝ տարածքային ու քաղաքական նկրտումների համար, միջազգային հանրությանը քննադատեց միջուկային զենքի հետ կապված իբր երկակի մոտեցումների համար, հանդես եկավ այլ քննադատական կոչերով: Բացի այդ, Նյու Յորքում թուրք քաղաքացիների եւ մուսուլմանների խմբի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան «նացիստների կողմից հրեաների ցեղասպանությունը եւ Գազայի հատվածում վայրագությունները նույն տեսանկյունից» է դիտարկում:

Պատկերավոր ասած՝ ըստ Էրդողանի՝ բոլորը չար կերպարներ են, և միայն ինքն ու իր ղեկավարած Թուրքիան են բարի ու արդարամիտ: Բայց արդարամտության մասին էրդողանական պատկերացումներն իհարկե ներառելի ու ընկալելի են Թուրքիայում տպագրվող ձեռնարկներում, գրքերում և թերթերում և այլուր, մինչդեռ իսկական արդարությունն ու ճշմարտությունը բոլորովին այլ է: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի արձագանքը չուշացավ, նա ստախոս անվանեց Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նրան հիշեցրեց Թուրքիայի բոլոր չարագործությունների մասին, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության: «Նա, ով չի դադարում Իսրայելի մասին ստել, սեփական երկրում սպանում է քրդերին եւ հերքում է հայ ժողովրդի սարսափելի սպանությունը, Իսրայելին քարոզ չպետք է կարդա: Էրդողան, դադարի՛ր ստել»,- հայտարարեց Նեթանյահուն: Ինչպես ասում են՝ վարագույր. թուրքական մառազմատիկ բեմադրությունն ավարտեց հրեական ապտակով՝ այն էլ՝ ոչ առանց հայկական հարցի գործադրմամբ…

Արա Ալոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ