Գլխավոր Բժիշկ Հայ հանճարներ. Ջոն Նաջարյան՝ կլինիկական փոխպատվաստման հիմնադիրը

Հայ հանճարներ. Ջոն Նաջարյան՝ կլինիկական փոխպատվաստման հիմնադիրը

51
0

Համընդգրկուն գիտելիքները, պրոֆեսիոնալիզմն ու  գիտության մոլուցքը Ջոն Նաջարյանին հնարավորություն տվեցին բացահայտել բժշկության մի ամբողջ ոլորտ: Չորս տասնամյակի ընթացքում նա կատարել է օրգանների փոխպատվաստման անթիվ վիրահատություններ: Միաժամանակ, նա գրեթե միայնակ զարգացրեց օրգանների փոխպատվաստման պրակտիկան և դա հասցրեց այսօր սովորական ընթացակարգ համարվող աստիճանին:

Նաջարյանը ծնվել է 1927 թվականին Կալիֆոռնիայում, հայկական ընտանիքում, որը ծագումով Խարբերդից էր (Արևմտյան Հայաստան): 1952 թվականին նա ավարտում է Սան Ֆրանցիսկոյի համալսարանը և սկսում կարիերան բժշկության ասպարեզում:

Ընդունելով երիկամների փոխպատվաստման հնարավորությունները՝ նա պրակտիկա է անցնում Փիթսբուրգի համալսարանում  և Սքրիփսի գիտահետազոտական ​​ինստիտուտում (Կալիֆոռնիա) ՝ դառնալով Կալիֆոռնիայում կլինիկական փոխպատվաստման հիմնադիրը:

1967-ին հայ բժիշկն աշխատանքի է անցնում  Մինեսոտայի համալսարանում, որտեղ ղեկավարում է վիրաբուժական բաժանմունքը: Հատկապես այդ համալսարանի հիվանդանոցում է նա իրականացրել իր ամենահայտնի վիրահատությունները՝ կյանք տալով հարյուրավոր հիվանդների:

1977-ին Նաջարյանն ընտրվում է Ամերիկայի փոխպատվաստող վիրաբույժների ընկերության (American Society of Transplant Surgeons) նախագահ: Նրա գործունեությունը, որպես կազմակերպության ղեկավար, ուղղված էր օրգանների փոխպատվաստման հատուկ ծրագրերի ստեղծմանը:

Արդեն 1980-ականներին ամերիկահայ բժիշկն իրականացնում է ամենադժվար վիրահատություններից մեկը`  երիկամ է փոխպատվաստում մի քանի ամսական  երեխային:

Նաջարյանը Մինեսոտայի համալսարանի բժշկական դպրոցի վիրաբուժության ամբիոնի վարիչն էր մինչև 1993 թ. կենսաթոշակի անցնելը: