Գլխավոր Վերլուծական Հարգեք կանանց, պարոնայք

Հարգեք կանանց, պարոնայք

81
0

Ես միանշանակ գենդերային հավասարության՝ կնոջ եւ տղամարդու իրավահավասարության ջատագով եմ, բոլոր բնագավառներում: Անկեղծ համարում եմ, որ այս կյանքում որեւէ բան չկա, որ կարող է անել տղամարդը, եւ չի կարող անել կինը, ես չեմ կարծում, որ մարդու մտավոր կարողությունները կապված են նրա սեռի հետ: Իմ երեխային ես չեմ ասում՝ դու աղջիկ ես, պիտի այս անես, կամ նա տղա է, պիտի այս չանի եւ այլն:

Սակայն, այնուամենայնիվ, գտնում եմ, որ կանայք եւ տղամարդիկ պետք է տարբերվեն: Օրինակ՝ տղամարդուց ես ակնկալում եմ՝ արժանապատվություն, հուսալիություն, համարձակություն, խիզախություն, սկզբունքայնություն, լրջություն, կնոջից ակնկալում եմ՝ խելք, իմաստություն, ինքնասիրություն, խորամանկություն, թեթեւություն, գեղեցկություն, նրբություն եւ այլն: Ինձ համար անընդունելի են բազմոցին նստող, բայց կնոջը ջրի ետեւից ուղարկող՝ իրենց՝ կնոջից ավելի մեծ արժեք համարող տղամարդիկ: Միեւնույն ժամանակ գտնում եմ, որ հենց տղամարդը պետք է սրճարանում հաշիվը փակի, կնոջ առջեւ դուռը բացի, ընտանիքի կարիքները հոգա, կինն էլ իր հերթին պետք է տղամարդուն ոգեշնչի, քաջալերի, սխրանքների մղի, խաղաղության, հանգստության եւ երջանկության մթնոլորտ ստեղծի, չխանգարի, բայց եւ վերջինիս ստվերում չմնա: Գտնում եմ, որ ամուսինները պետք է կողք կողքի աճեն եւ ապրեն՝ միմյանց երջանկացնելով, միմյանց կյանքը հեշտացնելով, այլ ոչ թե բարդացնելով, քանզի կյանքն ինքնին արդեն բարդ է եւ արժի կիսել որեւէ մեկի հետ միայն, եթե այդ մեկի հետ քեզ ավելի լավ է, քան առանց նրա:

Ըստ իս, կանայք պետք է պարտադիր աշխատեն, ինքնադրսեւորվեն, ֆինանսապես անկախ լինեն իրենց ամուսիններից, բայց եւ կարող են իրենց թույլ տալ ապրել ամուսինների հաշվին, որոշակի պայմանավորվածությունների եւ աշխատանքի բաժանման՝  երեխաների, տան եւ ընտանիքի հոգսերով միայնակ զբաղվելու եւ օգնողներ չունենալու դեպքում: Ոչ ոք չի կարող պարտադրել կնոջը պատռվել աշխատանքի եւ տան միջեւ, ոչ մի տղամարդ իրավունք չունի ընտանիքի ողջ հոգսը կնոջ ուսերին բարդելու, միեւնույն ժամանակ չարդուկված վերնաշապիկներից բողոքելու, եթե չի ապահովել անհրաժեշտ պայմանները, որպեսզի վերջինս կարողանա զբաղվել միայն ընտանիքով:

Բարեբախտաբար, մեր հասարակության գերակշռող մասը՝ կարելի է ասել, միշտ կնամեծար է եղել: Տարրական օրինակներ են եւ հարգանքի դրսեւորում՝ կանանց եւ աղջիկներին հասարակական տրանսպորտում միշտ տեղ զիջելը, նրանց ներկայությամբ կոռեկտ բառապաշարով խոսելը, չհայհոյելը եւ առհասարակ հաշիվներ չպարզելը:

Իրեն հարգող տղամարդը չի անպատվի որեւէ կնոջ ներկայությամբ եւ չի հանդուրժի նման պահվածք իր կնոջ կամ դստեր ներկայությամբ: Հաճախ նման իրավիճակները կարող են նույնիսկ հանգել ողբերգական ավարտի:

Ես հիշում եմ՝ փոքր ժամանակ հայրիկիս հետ ֆուտբոլ նայելու էինք գնում եւ միշտ նստում էինք ակտիվ երկրպագուներից ամենահեռու տրիբունայում: Եթե չեմ սխալվում, նրանք նստում էին նարնջագույն աթոռներին, մենք՝ հանդիպակաց: Տարրական բան էր, բայց հայրս չէր կարող թույլ տալ, որ իր աղջիկը լսի, թեկուզ ֆուտբոլային խաղից բորբոքված, բայց այնուամենայնիվ տհաճ արտահայտություններ: Քանի որ հայրս շատ պարկեշտ մարդ է, իմ բախտն էլ բերել է մշտապես առնչվել միայն նորմալ մարդկանց, կյանքիս առաջին 20 տարիներին ես երբեւէ հայհոյանք չէի լսել: Բայց ո՞վ կմտածեր, որ տարիներ անց մեզանում այսպիսի լայն տարածում կգտնեին սոցիալական կայքերը, եւ, տղամարդիկ կորցնելով իրենց ամոթը՝ բաց տիրույթում կտեղային իրենց իմացած վերջին հայհոյանքները: Երբեմն այնքան տհաճ, որ չես էլ ուզում կարդալ որեւէ քննարկում, մեկնաբանություն, որ հանկարծ չտեսնես, թե ինչպես են նրանք բաց թողնում իրենց մաղձը: Կան իհարկե նաեւ անպատվող կանայք, բայց սովորաբար՝ իրական կյանքում նրանք ամենացածր, անգրագետ խավի ներկայացուցիչներն են, իսկ սոցիալական կայքերում՝ նրանց նկարների հետեւում կանգնած են կեղծ էջեր, որոնք հաճախ եւս կառավարում են տղամարդիկ: Իմ պատկերացման մեջ ոչ մի կերպ չեն տեղավորվում 7 հարկանի հայհոյանքներ իմացող եւ արտահայտող կանայք:

Մարդիկ մոռացել են բարոյականության տարրական նորմերի մասին: Սթափվե´ք, ընկերներ, վիրտուալ աշխարհը աղբանոցի մի վերածեք:

Մ.Մ.

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ