Գլխավոր Կրթություն Հեռավար ուսուցումը պահիս միակ, արդյունավետ միջոցն է. դպրոցի տնօրեն

Հեռավար ուսուցումը պահիս միակ, արդյունավետ միջոցն է. դպրոցի տնօրեն

320
0

Կրթությունը հեռավար կազմակերպելու, ուսուցման այս տարբերակի մատչելության, առաջացած հարցերի ու դասապրոցեսի կազմակերպման շուրջ Araratnews.am լրատվականը զրուցեց Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի տնօրեն Գայանե Սաֆարյանի հետ:

«Հեռավար ուսուցումը պահիս միակ, հաստատուն, արդյունավետ միջոցն է այս իրավիճակում կրթական գործընթացը տապալումից փրկելու համար։ Ոչ պատահականությամբ իհարկե, մենք ունեինք փորձառություն աշակերտների հետ փոխադրական քննությունների, օլիմպիական պատրաստության խորհրդատվությունները, միջոցառումների նախապատրաստական աշխատանքները առցանց իրականացնելու»,- ասում է դպրոցի տնօրենը:

Տիկին Սաֆարյանը կարևորեց դպրոցում ուսուցիչների պատրաստվածությունը, ՏՀՏ հմտությունները. «Ուսուցիչներից հատկապես Արարատյան բակալավրիատի հավաստագրում անցածները տիրապետում են ՏՀՏ հմտությունների, որով կիսվում են գործընկերների հետ: Առաջին իսկ օրերից, դեռևս նախքան ԿԳՄՍ նախարարի կողմից հրահանգելը, մենք արդեն պլանավորել և սկսել էինք առցանց ուսուցման գործընթացը։ Պլանավորված է նաև վերահսկողությունը, ապահովվում է ուսուցիչների ամենշաբաթյա հաշվետվողականությունը։ Անշուշտ, խնդիրներ կան, բայց ընդհանուր առմամբ հաջողում ենք ավելի, քան ակնկալում էինք․ շահադրդվածություն կա սովորողների շրջանում, սիրով են լծվում գործին, նույնիսկ դպրոցում ավելի պասիվ աշակերտներն են ակտիվացել, ծնողներից արձագանքում են, թե երբեք այսքան դասերով զբաղված չեն տեսել իրենց երեխաներին»։

Խոսելով ուսումնական պրոցեսում առկա ռիսկերի մասին՝ տիկին Սաֆարյանը ընդգծում է, որ մանր ու մեծ ռիսկեր կան, որոնց կանխման ուղղությամբ ևս հնարներ են նախատեսում․ «Մի խոսքով՝ և ուսումնական խնդիր ենք լուծում, և զբաղեցնելով հոգեբանական խնդիր ենք լուծում, նաև՝ դաստիարակչական՝ դժվար պահերին խուճապի փոխարեն գործելու պատրաստակամության իմաստով․․․ Աստված օգնի դեպի Երկինք նայելու մեջ անկար մարդկությանը, շուտով ազատվենք այս աղետից»:

Դպրոցի տնօրենը վերջին հարցին՝ հարցով է պատասխանում․ «Դաս-դասարանային բնականոն գործընթացում արդյոք բոլոր աշակերտներն են շահագրգիռ․ սա իհարկե այլ խնդիր է․․․ Իսկ պահիս մեջ՝ հաջողում ենք ու չենք տապալում․ մենք հրաշալի սերունդ ունենք, որ դժվարության մեջ հավաքվում է, կենտրոնանում, խիզախում»:

Հիշեցնենք, որ երկրում արտակարգ դրության պայմաններում ԿԳՄՍ նախարարությունը կրթության գործընթացի ընթացքն ապահովելու նպատակով առաջարկել էր այլընտրանքային հեռավար ուսուցումը: Այս թեմայի շուրջ էլ Araratnews.am-ը զրուցեց Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի տնօրեն Գայանե Սաֆարյանի հետ:

Հայկ Մագոյան