Գլխավոր Կրթություն Հինգ երիտասարդ հնարավորություն կստանա ուսանելու Սիլիկոնյան հովտում (տեսանյութ)

Հինգ երիտասարդ հնարավորություն կստանա ուսանելու Սիլիկոնյան հովտում (տեսանյութ)

19
0

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և Կառավարության որոշմամբ՝ մինչեւ 23 տարեկան հայ 5 երիտասարդի պետական կրթաթոշակ կտրամադրվի՝ Սիլիկոնյան հովտում՝ ԱՄՆ, ուսանելու համար։ Դասընթացներն իրականացվելու են Դրեյփերի համալսարանում։ Այն Սիլիկոնյան հովտի ամենահայտնի գիտական կենտրոններից մեկն է։

Նախարարի օգնական, ծրագրի համակարգող Ինգա Վարդանյանը տեղեկացնում է, որ ներկայացված 109 հայտերից ընտրվել է 21-ը, այսօր հարցազրույցի միջոցով ընտրվելու է 5 հոգի։ Այս մասին հայտնում է a1plus.am-ը:

«Կառավարությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտը հռչակել է տնտեսության զարգացման կարևորագույն ճյուղ, և այդ նպատակով  Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը մշակել է բազմաթիվ ծրագրեր՝ այս ոլորտն էլ ավելի զարգացնելու և արտաքին շուկայում հայ ձեռներեցների համար դռներ բացելու համար։ Սա կարևոր  հանգամանք է տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար, որպեսզի կարողանան շփվել, նոր համագործակցություններ ձեռք բերել, հասկանալ՝ ինչպես պետք է մարկետինգ անել։ Հարցազրույցի փուլն անցկացնելու համար Հայաստան է ժամանել Դրեյփերի համալսարանի ընտրող հանձնաժողովը՝ նախագահի գլխավորությամբ։ Իրենք են ընտրելու այն գաղափարները, որոնք արժեք ունեն ներդրումների համար»։

Համբարձում Քաղկեցյանը, ով սովորել է Դրեյփերի համալսարանում և հիմա ընդգրկված է ընտրող հանձնաժողովի կազմում, նշում է․

«2015 թվականին սովորել եմ Դրեյփերի համալսարանում, դա օգնել է հասկանալ՝ ինչ է տեղի ունենում տեխնոլոգիական ձեռներեցության ոլորտում, ինչ է կատարվում կուլիսների հետևում։ Այնտեղ սովորելով՝ հասկանում ես «գլոբալ մեքենան» ոնց է աշխատում։ Իմ համար կարևոր է այն, որ այն մարդիկ, որոնք հաղթելու են, ինչ արժեք են բերելու Հայաստան, որովհետև նման մարդկանց դիտարկում են «փոփոխության ագենտներ»։ Այդ որակական փոփոխությունները ժամանակի ընթացքում կբերեն երկրում ձեռներեցության ճիշտ զարգացման»։

 Մանրամասները` աղբյուրի ներկայացրած տեսանյութում