Գլխավոր Հասարակություն ՀՀ ԳԱԱ-ում շարունակվում է «Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» խորագրով աշխատաժողովը

ՀՀ ԳԱԱ-ում շարունակվում է «Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» խորագրով աշխատաժողովը

23
0

2019 թ. հոկտեմբերի 17–ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տրվեց «Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» խորագրով աշխատաժողովի մեկնարկը, որին իրենց մասնակցությունը բերեցին ԳԱԱ համակարգի գիտնականներ, բուհերի դասախոսներ ու վարչական աշխատողներ, բարձրագույն կրթության ու գիտության ոլորտի կառավարիչներ, մասնագիտական խորհուրդների անդամներ, երիտասարդ գիտնականներ ու ասպիրանտներ, ինչպես նաև Եվրամիության անդամ երկրներից ժամանած փորձագետներ և ոլորտի մասնագետներ: Առաջին զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական քարտուղար Ատոմ Մխիթարյանը, որը ներկայացրեց գիտական աստիճանների սկզբնավորումը միջնադարյան Եվրոպայում, գիտական աստիճանաշնորհման համակարգի զարգացումը Արևմուտքում և Ռուսաստանում, խորհրդային համակարգի ձևավորումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած գործընթացները անկախացումից ի վեր: Պարոն Մխիթարյանը մանրամասն անդրադարձավ նաև այժմ գործող իրավական դաշտին՝ օրենքներին ու ենթաօրենսդրական ակտերին, որոնցով կարգավորում է ՀՀ գիտական աստիճանաշնորհման ամբողջ համակարգը, շնորհվում են գիտական աստիճաններ և գիտական կոչումներ:

Խորվաթիայի Գիտության և կրթության նախարարության բարձրագույն կրթության զարգացման բաժնի ղեկավար Անա Գորշիչը իր զեկույցում անդրադարձավ բոլոնյան գործընթացի սկզբնավորմանը և Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում տեղի ունեցող գործընթացներին: Ռումինիայի դիպլոմների ճանաչման և համապատասխանեցման ազգային կենտրոնի տնօրեն Գիանինա Գիրազին մանրամասն ներկայացրեց բարձրագույն կրթության երրոդ մակարդակի կազմակերպման համար հիմք հանդիսացող Զալցբուրգյան սկզբունքները, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրներում գիտական աստիճանների հայցման համար ներկայացվող պահանջներն ու կարգավորումները: Այսօր գիտաժողովը շարունակում է իր աշխատանքները՝ նպատակ ունենալով բարձրագույն կրթության երրորդ մակարդակում ուսուցման և հետազոտական աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև շնորհվող գիտական աստիճանների փոխճանաչման ոլորտում փորձի փոխանակությունը: Երկօրյա միջոցառումը Հայաստանում կազմակերպվել է Եվրամիության կողմից՝ TAIEX ծրագրի շրջանակներում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ