Գլխավոր Uncategorized Հյուսիսային պողոտայի պատմություն չի կարող լինել նոր Հայաստանում

Հյուսիսային պողոտայի պատմություն չի կարող լինել նոր Հայաստանում

49
0

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գեւորգ Պապոյանն այսօր խորհրդարանում՝ ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ, բարձրաձայնեց Ֆիրդուսի 17 շենքի բնակիչների մտահոգությունն առ այն, որ վերջիններիս թաղամասը 2007 թ.-ից համարվում է իրացման գոտի, իրենք սահմանափակված են իրենց գույքը օգտագործելու հետ կապված գործողություններում: Քաղաքացիները դժգոհել են, որ վերջին ամիսներին օտարող կազմակերպության ներկայացուցիչներ են եկել, բանավոր առաջարկել են գին, որին իրենք համաձայն չեն, սակայն հակառակ պարագայում նրանց կվռնդեն այդ տարածքից: Պատգամավորն ասաց՝ քաղաքացիները վախենում են, որ կկրկնվի Հյուսիսային պողոտայի ճակատագիրը:

Հարցին արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ Հյուսիսային պողոտայի պատմություն չի կարող լինել նոր Հայաստանում․

«Այն, որ Հյուսիսային պողոտայի պատմություն չի կարող լինել նոր Հայաստանում, դա պարզ է: Այդ հարցերով զբաղվում է փոխվարչապետ Ավինյանը, որը հիմա այցով Վրաստանում է: Նամակը փոխանցեք, մենք համապատասխան ընթացք կտանք, բայց քաղաքացիների իրավունքները կպաշտպանվեն: Ես հիմա չեմ ուզում բացարձակ հայտարարություններ անել, որովհետեւ իրացման գոտու շրջանակներում բավական մեծ թվով տարածքներ արդեն իրացվել են, եւ եթե զուտ վիճակագրորեն ուսումնասիրեք, կտեսնեք, որ նախկինի համեմատ գների էական եւ շոշափելի փոփոխություններ են տեղի ունեցել: Սա առաջին ահազանգն է վերջին շրջանում, որ այդտեղ ինչ-որ բան այն չէ, այդ հարցին մենք անպայման կանդրադառնանք»,- ասաց նա:

Առիթից օգտվելով՝ վարչապետը նաեւ լրացումներ արեց Էդմոն Մարուքյանի ուղղած հարցադրմանն իր տված պատասխանում:

«Ես չհասցրի երկու կարեւոր արձանագրում անել: Ասացի, որ ավանդույթով եկել է՝ աշխատավարձերի բարձրացման կարգի որոշումները գաղտնիությամբ են անում, դա կապված է կոնկրետ իրավական որոշման հետ: Անձնական տվյալների պաշտպանության գործակալության դիրքորոշման համաձայն՝ պարգեւավճարները անձի անձնական տվյալ են: Իհարկե, հիմա Արդարադատության նախարարն ասում է, որ անձամբ դրա հետ համաձայն չէ, բայց քանի որ իրավական որոշումներ կան, որոշում կայացնելիս պետք է իրավական որոշակի շրջանակում մնանք: Աշխատանքային խումբ է ձեւավորվել կառավարությունում, որ հանրային ծառայության եւ ընդհանրապես քաղաքացիական ծառայության ամբողջ համակարգը բարեփոխելու փաթեթ է պատրաստում, նաեւ այն պատճառով, որ այս պահին եղած կարգավորումները հաճախ չեն համապատասխանում այն պահանջներին եւ իրողություններին ու հրամայականներին, որ գոյություն ունեն»,- նշեց վարչապետը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ