Գլխավոր Հայաստան Ձմեռային զորակոչը այս տարի շուտ կսկսվի

Ձմեռային զորակոչը այս տարի շուտ կսկսվի

22
0

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 7-ի նիստում որոշում կայացրեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու եւ զորացրում կատարելու մասին: Այս մասին հաղորդում է News.am-ը:

Հարցը ներկայացրեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: Նա նշեց, որ այս տարի որոշվել է զորակոչն սկսել մի փոքր ավելի շուտ՝ դեկտեմբերի 16-ին՝ հաշվի առնելով, որ հունվարի առաջին տասնօրյակում գրեթե զորակոչ տեղի չի ունենում՝ ոչ աշխատանքային օրերի հետ կապված:

Իսկ նախապատրաստական աշխատանքները կսկսվեն նոյեմբերի 14-ից:

Փոխնախարարը եւս մեկ նորություն հայտնեց. «Առաջարկել ենք եւ շնորհակալ ենք առողջապահության նախարարության մեր գործընկերներին, որ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը նախագահելու է ոչ թե զինվորական կոմիսարը, այլ առողջապահության նախարարի տեղակալը»:

Իր հերթին առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անհատական կազմի հետ կապված իրենք առարկություն ունեն եւ չեն պատրաստվում համաձայնել այս տեսքով որոշման ընդունմանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց որոշումն ընդունել առանց այդ հավելվածի, իսկ հետագայում հավելվածը հստակեցնել եւ ընդունել:

Գաբրիել Բալայանն էլ առաջարկեց, որ մինչեւ վարչապետի ստորագրմանը ներկայացնելը կաշխատեն եւ նոր տարբերակը կներկայացնեն:

Որոշումն այդ ձեւով ընդունվեց: