Գլխավոր Կրթություն Մանկապարտեզներում սննդամթերքի անվտանգության մասին

Մանկապարտեզներում սննդամթերքի անվտանգության մասին

56
0

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ենթակայությամբ գործում է 21 մանկապարտեզ: Դրանցում իրականացվող հսկողական գործառույթում առանձնահատուկ կարևորություն ունեն երեխաներին տրվող սննդամթերքի քանակի, որակի, անվտանգության պահպանման հարցերը:

Տվյալ խնդրի շրջանակներում ակնադիտական ուսումնասիրությամբ ակնհայտ է դարձել, որ որոշ մանկապարտեզների սննդամթերքի մուտքի և ելքի հաշվառման գրանցամատյաններում առկա են գրառումների վերափոխումներ: Ուստի այդ, ինչպես նաև մյուս մանկապարտեզների գրանցամատյանները փորձաքննության ենթարկելու համար պետք էր ապահովել իրավական ընթացակարգ, ինչի անհրաժեշտութունն ի հայտ է եկել միայն այն ժամանակ, երբ արդեն իսկ տնօրենները մասնակցում էին նախապես պլանավորված և արդեն մեկնարկած խորհրդակցությանը (փետրվարի 7-ին):

Այդ ժամանակ տնօրեններին առաջարկվել է բերել տալ գրանցամատյանները, ինչից հետո իրավապահ մարմինների ներկայացուցիչներն իրականացրել են իրենց գործառույթներից բխող օպերատիվ գործողություններ: Գրանցամատյանները համապատասխան արձանագրությամբ, սահմանված կարգով տարվել են ուսումնասիրության:

Ընդգծելով խնդրի կարևորությունը՝ ևս մեկ անգամ հավաստում ենք նախադպրոցական կրթության և դաստիարակության ոլորտում ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված մեր ջանքերի հաստատակամությունը, մանկապարտեզների տնօրենների և աշխատակիցների հետ հարաբերությունները դիտարկվում են գործընկերային մթնոլորտում՝ ուղղված մեկ համընդհանուր նպատակին, ինչը պետք է բացառի կասկածը, առավել ևս ակամա կամ միտումնավոր անճշտությունները:

Համայնքային մանկապարտեզներ հաճախող մեր երեխաները միայն եւ բացառապես որակյալ սննդամթերք պետք է ստանան, եւ ընդհանրապես՝ բնակչությանը որակյալ ծառայություն մատուցելը մեր գերխնդիրն է»։

Նշենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը հրավիրել էր ժողովի համայնքի բոլոր մանկապարտեզների տնօրեններին, հրահանգելով, որ իրենց հետ բերեն սննդամթերքի մուտք ու ելքի մատյանները։Այնուհետև Շենգավիթի թաղապետարան էին եկել ոստիկաններ և պահանջել էին, որ տնօրենները հանձնեն իրենց բոլոր գրանցամատյանները և առգրավել էին դրանք: