Գլխավոր Սպորտ Մարկոս Պիզելին ավարտեց կարիերան Հայաստանի հավաքականում

Մարկոս Պիզելին ավարտեց կարիերան Հայաստանի հավաքականում

44
0

Ղազախական «Ակտոբեց» հեռացած Մարկոս Պիզելին ավարտել է կարիերան ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում: Այդ մասին 35-ամյա կիսապաշտպանը հայտնել է Topsports.am-ի թղթակցի հետ զրույցում:

«Ես արդեն տեղեկացրել եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, որ այլևս չեմ խաղալու Հայաստանի ազգային հավաքականում: Այժմ գտնվում եմ լավ մարզավիճակում, լիովին վերականգնվել եմ վնասվածքից: Ինձ շատ լավ եմ զգում:

«Ակտոբեից» հեռանալու որոշումը դժվար չստացվեց, քանի որ այս տարին ոչ միայն ինձ համար հաջող չէր, այլև՝ ակումբի: Կան մի քանի ակումբներ, որոնք հետաքրքրված են իմ ծառայություններով, այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունեմ և նաև կա ժամանակ մտածելու համար:

Տեսնում եմ, որ Հայաստանի առաջնությունը որոշակի առաջընթաց է գրանցել, բայց այն դեռ շատ հեռու է բարձրակարգ համարվելուց: Այնտեղ պետք է ավելի շատ հնարավորություններ տալ երիտասարդ խաղացողներին, որպեսզի կարողանան իրենց որակները ցույց տալ և առաջադիմել ավելի բարձրակարգ առաջնություններում խաղալու համար»,- զրույցում նշեց Մարկոս Պիզելին:

Հիշեցնենք, որ Մարկոս Պիզելին 2008 թվականից է հանդես գալիս Հայաստանի հավաքականում, որի կազմում անցկացրել է 66 հանդիպում և դարձել 11 գոլի հեղինակ: Նա չէր հրավիրվել Հայաստանի հավաքական, որն այս օրերին պատրաստվում է Հունաստանի (նոյեմբերի 15-ին) ու Իտալիայի (նոյեմբերի 18-ին) դեմ Եվրո-2020-ի ընտրական փուլի վերջին 2 տուրերի խաղերին:

Մարկոսի պայմանագրի ժամկետն «Ակտոբեի» հետ ավարտվել է օրերս։ Ղազախստանի ավարտված առաջնությունում նա անցկացրել է 11 խաղ, դարձել 2 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Պիզելին 2018-ին էր վերադարձել «Ակտոբե», որի կազմում խաղացել է նաև 2015-ին: