Գլխավոր Հայաստան Մի կաթիլ մեղրի պատմություն. Էջմիածնի քաղաքապետարանը պարզաբանում է

Մի կաթիլ մեղրի պատմություն. Էջմիածնի քաղաքապետարանը պարզաբանում է

72
0

Ճիշտն ասած՝ ես Էջմիածնում ապրում եմ արդեն տասը տարի: Եվ հիշում եմ, որ յուրաքանչյուր տարի Տրնդեզին կամ Տեառնընդառաջին քաղաքապետարանը միջոցառում է կազմակերպում և նորապսակներին ոսկյա մատանիներ է նվիրում: Այս ծրագիրն ամենամյա բնույթ ունի: Եվ այս տարին էլ ամենևին բացառություն չէր: Ասեմ ավելին, այնպես ստացվեց, որ այս տարի ես ինքս էի ընդգրկված միջոցառմանը:

Հոդված գրելու շարժառիթը այսօր առավոտյան մամուլում տարածված լուրեր են այն մասին, որ Էջմիածնի քաղաքապետարանը 2020 թվականին մտադիր է ձեռք բերել 5 հատ ոսկե մատանի՝ ադամանդե քարերով։ Տեղեկատվության համաձայն՝ մատանիների գնման «անհրաժեշտությունն» առաջացել է գնումների պլանում կատարված չորրորդ փոփոխության ժամանակ:

Ճիշտ է` անձամբ ներկա եմ եղել տոնակատարությանը, բայց լրագրողական նորմերը չխախտելու համար կապ հաստատեցի Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Մարիամ Պողոսյանի հետ: Վերջինս Araratnews.am-ի հետ զրույցում մանրամասն ներկայացրեց մամուլում ոսկյա մատանիների գնման անհրաժեշտության մասին բարձրացած աղմուկի իրական կողմը.

«Քաղաքապետարանի պաշտոնական էջերում մանրամասն լուսաբանվում է քաղաքապետարանի գործունեությունը, այնուամենայնիվ հարկ ենք համարում պարզաբանել այսօր առավոտյան որոշ լրատվական կայքերով տարածվող տեղեկատվությունն այն մասին, թե «Էջմիածնի քաղաքապետարանը 2020 թվականին մտադիր է ձեռք բերել 5 հատ ոսկե մատանի»:
Հարգելի գործընկերներ, Էջմիածնի քաղաքապետարանը ոչ թե մտադիր է, այլ 2020 թվականի փետրվարի 13-ի՝ Տեառնընդառաջի տոնի առթիվ կազմակերպած միջոցառման մասնակից նորապսակ զույգերի համար ձեռք է բերել ոսկյա մատանիներ, իսկ քառասնօրյա մանուկի համար՝ ոսկյա խաչ, որոնք միջոցառման ընթացքում քահանայի օրհնելուց հետո նվիրվել են մասնակիցներին: Նախ՝ այս միջոցառումը ամենամյա բնույթ ունի: Այն կազմակերպվել է ինչպես այս տարի, այնպես էլ նախորդ տարիներին` նախորդ քաղաքապետերի գործունեության ժամանակ:
Մասնակիցները և, ինչու ոչ, համաքաղաքային միջոցառմանը ներկա քաղաքացիները կփաստեն, որ ոսկյա իրերը չեն եղել հիշյալ նյութում նկարագրվածի պես ճոխ և թանկարժեք, այլ կրել են ավելի շատ սիմվոլիկ բնույթ, որպես փոքրիկ ուշադրություն քաղաքապետարանի կողմից՝ քաղաքի բնակիչներին»,- պարզաբանում է քաղաքապետարանի լրատվության բաժնի պետը:

Էջմիածնի քաղաքապետարանի կայքը լավ ուսումնասիրելուց հետո պարզ է դառնում, որ նման միջոցառում տեղի է ունեցել, ավելին`նյութեր կան նույնիսկ նախորդ քաղաքապետի ժամանակ տեղի ունեցող Տեառնընդառաջի տոնակատարությունից:

Հայկ Մագոյան