Գլխավոր Լուրեր Մի պատմություն Երևանի մասին. «Սպայի տուն»

Մի պատմություն Երևանի մասին. «Սպայի տուն»

61
0

Հավանաբար, շատերը դեռ հիշում են Երևանի Սպայի տունը, որն այլևս գոյություն չունի: Այստեղ եղել է մեր քաղաքի առաջին թատրոններից մեկը` Ջանփոլադյանի թատրոնը:

Նալբանդյան 20բ հասցեում գտնվող «Ակումբի շենքը. Քաղաքային ակումբը (Ջանփոլադյանի թատրոն), (Սպայի տուն)» հուշարձանը, չնայած այն հանգամանքին, որ ընդգրկված էր Երևանի  պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում, այսօր չկա։ Այն այսօր չկա. փոխարենը կառուցվել է նոր շենք, որը ծառայում է տարբեր ոլորտներ սպասարկող գրասենյակներին:

Ե. Ջանփոլադյանի հայտնի թատրոնը, որտեղ գործում էր Բ. Ջանիեբկայնի «Գրանդ իլյուզիոն» կինոթատրոնը, գտնվում էր Տեր-Ղուկասովսկայայի փողոցում (ներկայումս` Վազգեն Սարգսյան- Նալբանդյան): Նալբանդյան 20բ հասցեում գտնվող Ջանփոլադյանի թատրոնը, որտեղ կային նաև որմնանկարներ. կառուցվել է 1842 թ., 1882թ. (ճարտարապետներ Ե. Բոգուշևիչ, Կ. Հովհաննիսյան): 1923 թ. շենքն ազգայնացվել է և հանձնվել որպես ակումբ կարմիրգվարդիականներին և մինչև 2005-2006 թթ. եղել է Սպայի տուն:

Սպայի տան շինարարությունը սկսվել է դեռևս 1839 թ. Նիկոլայ Առաջին ցարի կողմից հաստատված «Անդրկովկասի գավառական ուսումնարանների համար» կազմված նախագծով։ Այն ի սկզբանե ծառայել է իբրև առաջին պետական գավառական ուսումնարան, ուր 1843-1848 թթ. որպես տեսուչ և ուսուցիչ աշխատել է Խաչատուր Աբովյանը։

1870 թ. սեպտեմբերի 19-22-ը այստեղ տեղի է ունեցել Երևանի նորաստեղծ քաղաքային դումայի դեպուտատների անդրանիկ ընտրությունը, իսկ 1881 թ. նոյեմբերի 8-ին բացվել է Երևանի ուսուցչական սեմինարիան։


1903 թ. հայ բարերար Եսայի Ջանփոլադյանը գնել է Սպայի տունը, իսկ 1906-1907 թթ. Է. Տեր-Գրիգորյանի ջանքերով այն վերակառուցվել է՝ դառնալով թատրոնի ու կինոյի շենք (ճարտարապետ Վ. Միրզոև, բեմի սարքավորումը՝ Թիֆլիսի Արտիստական ընկերության թատրոնի բեմի մեքենավար և դեկորատոր Ա. Կանդրաշևի նախագծով՝ Արքունական թատրոնի դեկորատոր Ա. Նովակի ղեկավարությամբ)։

Երևանցիներին առավել հայտնի Ջանփոլադյանի թատրոնը, որտեղ հետագայում գործում էր «Իլյուզիոն» կինոթատրոնը, բացվել է 1907 թ. փետրվարի 20-ին։ Այստեղ ելույթ է ունեցել Կոմիտասը՝ իր «Գուսան» երգչախմբով։ Բազմաթիվ թատերական խմբեր Թբիլիսիից, Բաքվից, Ռուսաստանից և Ուկրաինայից ժամանում էին հյուրախաղերի։ 1913 թ. հենց այս թատրոնում է տեղի ունեցել «Անուշ» օպերայի երևանյան պրեմիերան՝ կոմպոզիտորի մասնակցությամբ։ Թատրոնում խաղացել են այնպիսի դերասաններ, ինչպիսիք են՝ Սիրանույշը, Հովհաննես Աբելյանը, Ժասմենը, Մարի Զաբելը, Հովհաննես Զարիֆյանը, Արամ Վրույրը և այլք։

Մինչև 1992 թ. եղել է ԽՍՀՄ ԶՈՒ 7-րդ բանակի Երևանի կայազորի Սպայի տուն, 1992 թվականից Հայաստանի Հանրապետության ԶՈՒ Երևանի կայազորի Սպայի տուն։ ՀՀ պաշտպանության նախարարի 1993 թ. նոյեմբերի 9-ի հրամանով դարձել է ՀՀ ՊՆ Սպայի տուն։

2005 թվականին շենքը կառավարության կողմից ճանաչվել է հանրային գերակա շահ և քանդվել։ Դրա տեղում այսօր գործում է «Պիցցա Գրանդե» բիզնես կենտրոնը։

20-րդ դարի սկզբին Երևանի կառուցապատման, ճարտարապետական տեսքի ու քաղաքային ինքնատիպ կոլորիտի ստեղծման վրա աշխատել են ոչ միայն հայ, այլև օտարազգի ճարտարապետներ, քանդակագործներ՝ մեկը մյուսին լրացնելով ստեղծեցին այն, ինչ այսօր արդեն անվանում ենք Հին Երևան:

Նրանց թվում է Միխայիլ ֆոն դեր Նոննեն, Նիկոլայ Բաևը, Ժաննա Մեշչերյակովան, Իվան Ժոլտովսկին, Սերգեյ Մերկուրովը, ինչպես նաև Սպայի տան ճարտարապետ Ե. Բոգուշևիչը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ