Գլխավոր Հասարակություն Մի պատմություն մեր քաղաքի մասին. «Կոզիրյոկ»

Մի պատմություն մեր քաղաքի մասին. «Կոզիրյոկ»

27
0

Լուսանկարում լավ ու բարի Երևանի գողտրիկ անկյուններից մեկն է՝ բոլորիս սիրելի «Կոզիրյոկ»-ը: Երևանյան այս լուսանկարը 1962 թվականի է:

Երևանի ամենահին սրճարաններից մեկը համարվող «Կոզիրյոկ»-ը կառուցվել և բացվել է 1956-ին: Մինչ այդ սրճարանը կոչվում էր «268 տաղավար»:

Այնտեղ կարելի էր տեսնել հայտնի արվեստագետների, հասարակական ու մշակութային գործիչների, իրական լեգենդների, որոնց պակասն այսօր մեր սիրելի քաղաքամայր Երևանը շատ է զգում:

«Հայֆիլմի» լավագույն էկրանավորումներից մեկը՝ Էդմոն Քյոսայանի 1972 թվականին նկարահանած «Տղամարդիկ» ֆիլմի աշխատանքներն արվել են այդ բակում։

Երևանի բնակիչները սկսեցին համատարած կերպարանափոխվել: Տղամարդիկ հագնվում էին ճիշտ այնպես, ինչպես ֆիլմի հերոսները, կրկնում էին վերջիններիս խոսքերն ու ժեստերը, իսկ կանայք ձգտում էին նմանվել գլխավոր հերոսուհուն՝ Կարինեին, կրկնօրինակում էին ամեն ինչ՝ սանրվածքը, հագուստները, կոշիկը, անգամ՝  հերոսուհու քայլվածքը: Խոսակցություններ կան այն մասին, որ գծավոր կտորները խանութներում սպառվում էին վայրկենապես և անհավանական քանակով. չէ՞ որ  գեղեցկուհի Կարինեն  հենց այդ կտորից կիսաշրջազգեստ էր հագնում:

Ով դիտել է ֆիլմը, կհիշի այն դրվագը, որտեղ տղամարդիկ փորձում են նետվել հենց այն պատշգամբից, որի դիմաց է գտնվում մեր բոլորիս սիրելի «Կոզիրյոկ»-ը:  Ականատեսներն ասում են, որ Մհեր Մկրտչյանը վախեցել է այդ բարձրությունից, և այն դրվագը, որտեղ նա հրաժարվում է ցատկել, բեմականացված չէ: Պարզվում է՝ եղել է ևս մեկը, որ շատ է վախեցել նկարահանումների ժամանակ: Դերասան, երգիչ Արամոն ընդամենը չորս տարեկան էր, երբ հայրը՝ Ավետիք Գևորգյանը՝ Արամի դերակատարը, կերտում էր գլխավոր հերոսի կերպարը:

«Կոզիրյոկ»-ի լուսանկարը՝ ռեժիսոր Արթուր Էլբակյանի ֆեյսբուքյան էջից:

Բնակիչների հիշողությունների մեջ շատ բարի ու ջերմ հիշողություններ են պահպանվել թե՛ ֆիլմի նկարահանումներից, թե՛ հին ու բարի մայրաքաղաքի պատմություններից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ