Գլխավոր Հասարակություն Նախագահական նստավայրում կայացել է ռուսական ռոմանսի երեկո՝ նվիրված Մեծ հաղթանակի 75-ամյակին

Նախագահական նստավայրում կայացել է ռուսական ռոմանսի երեկո՝ նվիրված Մեծ հաղթանակի 75-ամյակին

20
0

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ անցկացվող «Նախագահական համերգաշար»-ի շրջանակում այսօր երեկոյան նախագահական նստավայրում տեղի է ունեցել ռուսական ռոմանսի երեկո՝ նվիրված Մեծ հաղթանակի 75-ամյակին:

Մեծ հաղթանակի 75-ամյակն, իսկապես, համամարդկային հոբելյան է: Այդ հաղթանակում մեծագույն ներդրում են ունեցել նախկին Խորհրդային Միության բոլոր ժողովուրդները. մեր ժողովրդի ավելի քան 600 հազար զավակներ մասնակցել են Մեծ Հայրենականին: Նրանցից ավելի քան 300 հազարն իրենց գլուխն են դրել հաղթանակի զոհասեղանին:

Երեկոն կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի և Երևանում գործող «Մոսկվայի տուն» մշակութային-գործարար կենտրոնի համագործակցությամբ: Երեկոյին ներկա են եղել ԱԺ պատգամավորներ, Հայաստանում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Թուրքմենստանի դեսպանները, մշակույթի գործիչներ, ՀՀ զինված ուժերի, ինչպես նաև Հայաստանում տեղակայված ՌԴ զինված ուժերի և սահմանապահ զորքի զինծառայողներ:

Նշվել է, որ երեկոն յուրատեսակ երաժշտական նվիրում է նրա՛նց, ովքեր ռազմի դաշտում, սերը սրտում և երգը շուրթին կռեցին հաղթանակն, ինչպես նաև նրա՛նց, ովքեր գտնվելով, աշխատելով թիկունքում, շարունակում էին սիրել, հուսալ ու սպասել՝ չմոռանալով երգել: Այն խոնարհում է Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված մեր նախնիների հիշատակի առաջ և երախտագիտություն վետերաններին, ովքեր ոչ միայն վառ են պահում հաղթանակի հիշողությունը, այլև իրենց կենսափորձով ու անցած ուղով պատմության կենդանի դաս են մեզ համար: Երեկոյի ընթացքում ռուսական ռոմանսները հնչել են Ռուսաստանից ժամանած հայտնի արտիստներ Սերգեյ Աբաբկինի, Նատալյա Մանուլիկի, Դմիտրի Զուևի, Ալլա Պետրովայի կատարմամբ: