Գլխավոր Տնտեսական Նախագիծը կբացահայտի թալանված գումարների հասցեատերերին

Նախագիծը կբացահայտի թալանված գումարների հասցեատերերին

212
0

Օրերս Կառավարությունն ընդունեց «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որը իրավապահ մարմիններին կոռուպցիոն գործարքներ բացահայտելիս կօգնի․ մասնավորապես նրանց համար մատչելի կլինեն կասկածյալից ու մեղադրյալից բացի այլ անձանց, օրինակ, ընտանիքի անդամների կամ փոխկապակցված անձանց ֆինանսական տվյալները։

Araratnews.am-ը տնտեսագետ Ատոմ Մարգարյանի հետ զրուցեց նախագծի դրական և բացասական կողմերի և հնարավոր ռիսկերի մասին։

Տնտեսագետը նշեց, որ հետհեղափոխական ժամանակահատվածում գտնվող երկրի համար, երբ հիմնական օրակարգերը հակակոռուպցիոն բնույթի են՝ նախագիծը հրատապ է։

«Այսպես ասած, թալանված ակտիվների և ստվերային եկամուտների գոյացման արդյունքում այս փոփոխություններն իհարկե, պարտադիր են։ Դա նաև պրակտիկայից է բխում, որովհետև բազմաթիվ քրեական գործեր կան, որոնք ուղղակի դեմ են առնում պատին, երբ որ վճարումների կամ փոխանցումների շղթաները պարզապես խզվում են։ Այնպես որ, նախագիծը հրատապ է, որպեսզի կարողանան շղթայի մինչև վերջին հատվածը հասնել և պարզել, թե որտեղ անհետացան այդ գումարները և ում անուններով գրանցվեցին։ Սրանք տասնամյակների ընթացքում կուտակված պրոբլեմներ են, որոնք, ի վերջո, պետք է լուծվեն»,- ասաց նա։

Մարգարյանի խոսքով՝ Հայաստանը պետք է դուրս գա կապիտալի կուտակման նախկինում ընդունված ժամանակահատվածից․ «Երբ մարդիկ հարստություն կդիզեն՝ շրջանցելով օրենքը, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, չվճարելով հարկերը։ Պետք է բացահայտվեն կոռուպցիայի կազմակերպված  հանցավորության սխեմաները, շորթումները, կաշառակերոթյունը։ Այդ կապիտալը նաև բանկային համակարգով է լվացվել, օրինականացվել, այդպիսի փոխանցումներով, այդպիսի հաշիվներով։ Դրա վերջը պետք է դրվի, մարդիկ պետք է հասկանան, որ այս կարգի անլեգալ գումարները, ի վերջո, պետք է լեգալացվեն»։

Տնտեսագետը ճիշտ է համարում, որ այս գործընթացներին զուգահեռ իրականցվի կապիտալի և ունեցվածքի համաներում․ «Հարկավոր է շանս տալ մարդկանց և համաներել։ Ի դեպ, այդպիսի մարդիկ քիչ չեն, շատ մեծ շրջանակ կարող է ներառել այս օրենքի գործողությունը»։

Անդրադառնալով ռիսկերին, տնտեսության համար հնարավոր վնասներին, որոնց մասին Կառավարության նիստի ժամանակ ակնարկեց նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, թե հնարավոր է ներդրումների հետ կապված խնդիրներ լինեն, ավանդները հանվեն բանկերից և այլն, տնտեսագետն արձագանքեց․ «Հասկանում եմ փոխվարչապետին, նա բանկային համակարգի մարդ է, շատ լավ գիտի խնդիրները, շատ լավ էլ տեղյակ է՝ ինչ է իրենից ներկայացնում մեր բանկային համակարգը, ինչպես են ընթացել այս համակարգի կազմավորման գործընթացները։ Հենց այդ բանկերն են, որ խոշորածավալ անօրինական եկամուտներ են լեգալացրել, և բնականաբար մի օր պետք է դրա վերջակետը դրվեր։ Այո, հնարավոր է՝ ոմանք՝ այս կարգի սուբյեկտները իրենց հաշիվները քաշեն բանկերից ավանդների տեսքով, որ դրել են, բայց սա ինչ-որ ժամանակավոր երևույթ կարող է լինել։ Իսկ ժամանակի ընթացքում պետք է բոլորը հայտարարագրեր ներկայացնեն, անհրաժեշտության դեպքում իրենց ունեցվածքի, եկամուտների, այդ թվում նաև՝ ավանդների, դրամական միջոցների, արժեթղթերի, սեփականության, նյութական օբյեկտների, այսինքն՝ ամբողջ ունեցվածքի և գույքի վերաբերյալ։ Սա քաղաքակիրթ աշխարհի կանոն է ու պահանջ։ Եվ եթե երկիրը գնում է իրավական պետության կայացման ճանապարհով, կարծում եմ՝ սա անխուսափելի լուծում է»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ