Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում է

    23
    0

    Ժամանում եմ Ելիսեյան պալատ՝ մասնակցելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից՝ ի պատիվ «Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի» մասնակից պետությունների եւ կառավարությունների ղեկավարների տրվող ընդունելությանը։ Գրել է Նիկոլ Փաշինյանը:



    Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-12-ը աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայի Հանրապետությունում, որտեղ մասնակցելու է Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսին։

    Այցի առաջին օրը Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Ֆրանսիայի նախագահի անունից ի պատիվ Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների տրվող պաշտոնական ընդունելությանը։

    Նոյեմբերի 12-ին ՀՀ վարչապետը կմասնակցի Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի բացմանը և միջոցառման շրջանակում նախատեսվող թեմատիկ քննարկմանը, որի ընթացքում հանդես կգա ելույթով։ Նախատեսվում է վարչապետ Փաշինյանի կողմից Փարիզի խաղաղության համաժողովի գրադարանին խորհրդանշական նվերի հանձնում։

    Փարիզ այցի շրջանակում Հայաստանի վարչապետը կայցելի նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակ և հանդիպում կունենա ՖՄԿ Գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ։

    Նախատեսվում է ՀՀ վարչապետի և նրա տիկնոջ այցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան, և նրանց մասնակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսի աշխատանքներին։ Կոնֆերանսի թեմատիկ քննարկման շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդես կգա ելույթով։ ՀՀ վարչապետը նաև հանդիպում կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի հետ և հարցազրույց կտա ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ծառայությանը։

    Այցի շրջանակում ՀՀ վարչապետը և նրա տիկինը հանդիպում կունենան Ֆրանսիայի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ղեկավարների հետ։ Ի պատիվ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի կտրվի պաշտոնական ընդունելություն, որի շրջանակում նախատեսվում է ՀՀ վարչապետի ելույթը։