Նոր-Հաճնում՝ իրենց բնակարանում շմոլ գազից մահացածներից երկուսը հանդես էին գալիս «Արարատ» ՖԱ-ի կանանց թիմում

    92
    0

    «Արարատ» ֆուտբոլային ակումբը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` ցավակցելով նոյեմբերի 16-ին խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազից մահացած 77-ամյա Ժաննա Սիմոնյանի և նրա չորս թոռների մահվան կապակցությամբ: Ակումբը նշել է, որ մահացածներից երկուսը հանդես էին գալիս «Արարատ» ՖԱ-ի կանանց թիմում:

    «Խոր վշտով տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 16-ին խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազից մահացել են 77-ամյա Ժաննա Սիմոնյանը և նրա չորս թոռները: Մահացածներից թվում էին Ժաննա և Սերինե Միրոնյուկները, որոնք «Արարատ» ՖԱ-ի կանանց թիմի ֆուտբոլիստներ էին: «Արարատ» ՖԱ-ն իր խորին ցավակցությունն է հայտնում մահացած ընտանիքի հարազատներին և բարեկամներին»:

    Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ էր ստացվել, որ Աբովյանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր-Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարան, որտեղ հայտնաբերել են 5 քաղաքացու դի:

    Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել էին այդ տան բնակիչներ, 77-ամյա Ժաննա Սիմոնյանի, 16-ամյա Էդուարդ Մ.-ի, 12-ամյա Սերինե Մ.-ի, 15-ամյա Տիգրան Ս.-ի և 14-ամյա Ժաննա Մ.-ի դիերը: Մահացած բոլոր երեխաները Ժ. Սիմոնյանի թոռնիկներն էին: Երեխաներից երկուսը հայտնաբերվել էին լոգարանում, 3-ը՝ ննջարանում: