Գլխավոր Տնտեսական Շոկոլադի արտահանման ծավալներն աճել են. նախարար

Շոկոլադի արտահանման ծավալներն աճել են. նախարար

20
0

Հայաստանից արտահանման ծավալների աճ արձանագրված ապրանքախմբերում այս տարի առանձնացել է երկու խումբ` շոկոլադն ու մրգային գինիները: Դրանք թեև ծավալներով շատ մեծ չեն, սակայն վկայում են երկարաժամկետ դրական զարգացումների մասին: Էկոնոմիկայի նախարարության գնահատմամբ` Հայաստանից տարեկան ընդհանուր արտահանման աճը կգտնվի 7 տոկոսի միջակայքում: Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Ապրանքների արտահանումը հունվար-օգոստոսին աճել է 4,6 տոկոսով: Ուզում եմ երկու հանգամանք առանձնացնել: Առաջինը`այս ցուցանիշն ավելի ցածր է, քան հատկապես նախորդ երկու տարիներին, սակայն ուրախալին այն է, որ առաջին ամիսներին նախորդ տարիների համեմատ ունեինք նվազում, սակայն վերջին ամիսների ընթացքում արձանագրվել է վերականգնում: Ընդ որում՝ նախարարությունը նախատեսում է, որ տարին կավարտենք մոտ 7 տոկոս արտահանման աճով»,- ասաց Խաչատրյանը:

Աճել է նաև ոսկերչական իրերի, կոնյակի, ծխախոտի, երկաթամիահալվածքի արտահանումը:

Այս տարվա առաջին 8 ամիսներին նվազել էր չզտված պղնձի արտահանումը: Նախարարը հիշեցրեց, որ տարվա ընթացքում չի գործել Ալավերդու պղնձաձուլարանը` բնապահպանական պահանջների առնչությամբ: Սակայն Խաչատրյանը նշեց, որ դրա փոխարեն այն խտանյութը, որը վերամշակվում էր Ալավերդու պղնձաձուլարանում, արտահանվում է որպես խտանյութ: «Այսինքն՝ 50 մլն դոլարի չափով չի եղել իր բացասական ազդեցությունն արտահանման վրա»,- նշեց նա:

Որոշ չափով նվազել է նաև ալյումինե փայլաթիթեղների արտահանումը, սակայն վերջին ամիսներին նկատվում է աճ: Խաչատրյանը խնդրահարույց համարեց ադամանդե քարերի գծով արտահանումը, որը պայմանավորված է այն հանգամանքով, որ արտադրողները հումքի կանոնավոր մատակարարների հետ խնդիրներ ունեն: «Մենք հիմա միջոցներ ենք փնտրում այլ շուկաներում մեր ադամանդ վերամշակող կազմակերպությունների համար հումքային այլընտրանքային աղբյուրներ հասանելի դարձնելու համար»,- նշեց նա:

Բուսական ծագման արտադրատեսակից ամենամեծ արտահանման աճ են ունեցել վարունգն ու ելակը, որոնք համապատասխանաբար աճել են 4,3 և 2,3 մլն դոլարով: Կենդանական ծագման արտադրանքի արտահանումը 2019 թ. հունվար-օգոստոսին կազմել է շուրջ 30 մլն ԱՄՆ դոլար՝ նվազելով շուրջ 1 մլն ԱՄՆ դոլարով կամ 3,6%-ով։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ