Գլխավոր Մշակույթ Շուշիում բացվել է վերականգնված Վերին մզկիթը

Շուշիում բացվել է վերականգնված Վերին մզկիթը

24
0

Շուշիում ավարտվել է 19-րդ դարի Վերին մզկիթի վերականգնումը: Արևելագետ գիտնականները վստահեցնում են, որ մզկիթում ադրբեջանական կամ թուրքական տարրի ամենաչնչին նշույլն անգամ չկա. այն իրանական է: Վերականգնման աշխատանքների ֆինանսավորումը ստանձնել է գործարարներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանի ու Վերոնիկա Զոնաբենդի հիմնած IDeA հիմնադրամը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այս առիթով ֆեսբուքյանի իր էջում գրառում է կատարել. «Երբ մի քանի տարի առաջ իմացա, որ IDeA հիմնադրամը պատրաստվում է վերականգնել Շուշիի մզկիթն ու հարակից մեդրեսեն, շատ ուրախացա որպես արևելագետ: Կարճ ժամանակ հետո ծրագիրը համակարգող Սուրեն Ամիրբեկյանին ծանոթացրի մեր արևելագետների հետ, որոնք այս տարիներին օգնեցին ծրագրի իրագործմանը:

Այսօր արդեն մեծ հպարտությամբ մասնակցեցի մուսուլմանական մշակութային-գիտական այս կենտրոնի բացմանը, որը կարևոր է Շուշիի համար բոլոր առումներով` կրթական, գիտական, մշակութային, զբոսաշրջային և այլն: Շնորհավորում եմ հիմնադրամին և անձամբ Ռուբեն Վարդանյանին այս հրաշալի ձեռնարկի հաջող ավարտի կապակցությամբ:

Սա մեր խաղաղասիրության լավագույն դրսերումն է ոչ պատերազմական պայմաններում: Խաղաղ ապրե՛ք մեզ հետ, մենք այլ մշակույթներ ու քաղաքակրթություններ հարգել գիտենք»:

Վերին մզկիթի բացման արարողությանը ներկա են եղել Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, հոգևոր այրեր և գիտնականներ:

Իրանական մզկիթի բացմամբ տրվել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջոցառումների մեկնարկը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ