Գլխավոր Հասարակություն Ոմանց դուր չեն գալիս բոյովները, ոմանց՝ ժուլյեն ուտողները․ ատելության խոսքը և...

Ոմանց դուր չեն գալիս բոյովները, ոմանց՝ ժուլյեն ուտողները․ ատելության խոսքը և բռնության քարոզը կքրեականացվի

17
0

Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց քրեական օրենսգրքում նախատեսվող փոփոխության նախագիծ, որով առաջարկվում է անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական, սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերի համար նախատեսել քրեական պատասխանատվություն։

Նախարարի խոսքով՝ ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածով երաշխավորված է կարծիքի արտահայտման ազատության իրավունքը, և անձը բռնության կոչերը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար քրեական պատասխատավության կենթարկվի։

Քննարկվող հանցակազմը նախատեսելու դեպքում անձանց կյանքի և առողջության, անձնական ազատության, սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության պաշտպանության և հանցագործությունների կանխարգելման համար կստեղծվի հավելյալ քրեաիրավական երաշխիք:

Վարչապետը նշեց, որ ինչքան էլ այս վերնագիրը կոնսենսուսային է ՀՀ-ում, բայց, այնուամենայնիվ, որոշակի մեր գիտակցության շերտերում կան բռնության որոշ տեսակներ, որոնք լեգիտիմության որոշակի էլեմենտներ են պարունակում․ «Հարցի համատեքստում հիշեցի հայտնի պատմվածքը «Թե ինչ եղավ, երբ շաքարամանից մի կտոր շաքար պակասեց»։ Ոչ մի բան էլ չեղավ, մի մուշտի էր ընդամենը: Մենք շատ կոնկրետ բան ենք ասում. ՀՀ որևէ քաղաքացի չպետք է ենթարկվի բռնության, որովհետև, եթե մենք գնանք լեգիտիմացման, թեկուզ տեղային ճանապարհով, մենք ուրիշ տեղ կհասնենք։ Ոմանց դուր չեն գալիս բոյովները, ոմանց՝ ցածրահասակները, ոմանց դուր չեն գալիս ժուլյեն ուտողները, ոմանց դուր չեն գալիս քաբաբ ուտողները»: