Գլխավոր Հասարակություն Ոստիկանության բաժիններում ապօրինի զենք-զինամթերք են կամավոր հանձնվել (տեսանյութ)

Ոստիկանության բաժիններում ապօրինի զենք-զինամթերք են կամավոր հանձնվել (տեսանյութ)

15
0

Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում օրերս տարածքային մի քանի ստորաբաժանումում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը:

Դեկտեմբերի 9-ին ոստիկանության Դիլիջանի բաժին եկած 35-ամյա տղամարդը, որը Հաղարծինի բնակիչ է, կամավոր հանձնել է գործարանային համարով երկփողանի հրացան՝ հայտնելով, որ հրազենը պատկանել է հանգուցյալ պապին։

Ոստիկանության Չարենցավանի բաժնում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել դեկտեմբերի 9-ին։ Արզականի 27-ամյա բնակիչը բաժին է բերել գործարանային համարով մեկփողանի հրացան և ինքնաձիգի 7․62 միլիմետր տրամաչափի 10-ից ավելի փամփուշտ։

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Անիի բաժին եկած 64-ամյա կինն էլ կամավոր հանձնել է 9մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար նախատեսված ինքնաշեն ատրճանակ, ինքնաձիգի փամփշտատուփեր և 5․45 մմ տրամաչափի 30-ից ավելի փամփուշտ։ Նա հայտնել է, որ դրանք պատկանել են հանգուցյալ ամուսնուն։

Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։

Ոստիկանություն հիշեցնում է, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։