Գլխավոր Լուրեր Պապիկյանը տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցություն է անցկացրել ՋՕԸ տնօրենների հետ

Պապիկյանը տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցություն է անցկացրել ՋՕԸ տնօրենների հետ

13
0

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ջրօգտագործող ընկերությունների տնօրենների հետ,որին մասնակցել է նաև ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը,-տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքը:

Խորհրդակցության ընթացքում ՋՕԸ տնօրենները հավաքագրումների ցուցանիշներն են զեկուցել նախարարին: Ըստ ներկայացված տվյալների` 2019թ․ դեկտեմբերի 11-ի դրությամբ ջրօգտագործողներին մատակարարվել է 549,4 մլն խմ ջուր, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հավաքագրման ցուցանիշն աճել է 796մլն դրամով։

Արձանագրելով ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված դրական շարժը՝ նախարար Պապիկյանը նկատել է․«Այս տարի ոլորտի ամենամեծ հաջողությունը կարելի է համարել ոռոգման շրջանում Սևանա լճից իրականացվող ջրառի չափաքանակի կանոնավորումը, ինչի շնորհիվ լճից 2018թ․-ի համեմատ բաց թողնվեց 53․5 մլն խմ-ով պակաս ջուր»։

Միաժամանակ, նախարար Սուրեն Պապիկյանը ՋՕԸ-երի գործունեությունը Ջրային կոմիտեի հետ տարեսկզբին համաձայնեցված ծրագրային ցուցանիշներն ապահովելու առումով գնահատել է ոչ բավարար և հանձնարարել ընկերությունների տնօրեններին մինչև տարեվերջ բարձրացնել վարձավճարների գանձման ցուցանիշը։

«Յուրաքանչյուր ջրօգտագործող ընկերության տնօրեն պատասխանատու է իր ղեկավարած համակարգի գործունեության արդյունավետության և սպասարկվող տարածքում ջրային ռեսուրսների կառավարման համար»,- շեշտել է նախարարը։

ՏԿԵ նախարարը հորդորել է ՋՕԸ-երի ղեկավարներին գալիք տարում աշխատանքի և վարչարարության ճիշտ պլանավորմամբ քայլեր ձեռնարկել` ջրօգտագործողների հետ խնդիրներից և նոր պարտքերի կուտակումից խուսափելու համար։