Գլխավոր Սպորտ Պարտությունների համար պատասխանատու ենք բոլորս. Արմեն Նիկողոսյան

Պարտությունների համար պատասխանատու ենք բոլորս. Արմեն Նիկողոսյան

42
0

Եվրո-2020-ի ընտրական փուլում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երեկ՝ հոկտեմբերի 15-ին, ձախողեց հերթական հանդիպումը: Ֆինլանդիայի ընտրանին սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ ուղարկեց մեր ազգային թիմի դարպասն ու, ամենայն հավանականությամբ, մեզ զրկեց խմբից դուրս գալու շանսերից՝ միաժամանակ իրենց գրեթե մոտեցնելով բաղձալի ուղեգրին: Հայաստանի հավաքականն, այդուհանդերձ, երկու դիմակայություն ունի: Ընտրական շրջափուլի, մեր թիմի խաղի ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջիկա ծրագրերի մասին Araratnews.am-ը զրուցել է ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի հետ:

Պարոն Նիկողոսյան, Եվրո-2020-ի ընտրական փուլը, կարծեք, բարեհաջող էր դասավորվել մեզ համար… Այդպես էր, համենայն դեպս, մինչև Լիխտենշտեյնի, ապա և՝ հոկտեմբերի 15-ին նախանշված Ֆինլանդիայի ընտրանու խաղը: Ի՞նչը պակասեց մեր ազգային հավաքականին:

Մեր ազգային հավաքականը իրոք շատ մոտ էր Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելուն, իսկ հիմա մնացել են ընդամենը տեսական շանսեր: Բայց փորձենք գնահատել մեր թիմի խաղն ընդհանուր առմամբ՝ ընտրական ամբողջ մրցաշարի կտրվածքով: Այս պահին 3-րդն ենք խմբում եւ կարող ենք պահպանել այդ տեղը, ինչը մեր պատմության լավագույն արդյունքի կրկնությունը կլինի: Ընդամենը 1 ամիս առաջ՝ Իտալիայի, Բոսնիա- Հերցեգովինայի հավաքականների հետ խաղերից հետո, ամբողջ ազգը հերոսացնում էր մեր թիմին, մարզիչներին, հպարտանում, ուրախանում արդյունքներով: Իսկ հիմա հնչում են միայն ու միայն հայհոյանքներ՝ առանց հաշվի առնելու պատճառները, իրականությունը: Իսկ իրականությունը հետեւյալն է. Լիխտենշտեյնի եւ Ֆինլադիայի հետ խաղերում բացակայում էին մեր առաջատարներից Կամո Հովհաննիսյանը, Կառլեն Մկրտչյանը եւ, իհարկե, թիմի ոգին, ուղեղը, առաջատարը՝ Հենրիխ Մխիթարյանը: Առանց այս ֆուտբոլիստների եւ հատկապես Մխիթարյանի՝ մենք իրականում չենք գերազանցում Ֆինլանդիային, եւ անգամ հրաշքը չէր կարող օգնել մեզ՝ որքան էլ դա ցանկանում էինք: Պետք է ուղղակի ռեալ նայել իրականությանը՝ ինչ ունենք մենք (ֆուտբոլային ենթակառուցվածքների, բարձրակարգ ֆուտբոլիստների, մարզիչների առումով), եւ ինչ ունեն մեր մրցակիցները:

Ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը ֆինների հետ խաղից հետո հայտարարեց, որ հաջորդ երկու, այսինքն՝ վերջին երկու մրցավեճերին դուրս ենք գալու միայն հաղթանակի նպատակով: Այդ դեպքում որքանո՞վ են իրատեսական Հայաստանի հավաքականի բաղձալի ուղեգիր նվաճելու շանսերը:

Հաղթանակները բացառապես մեր թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի, մարզչական կազմի, ֆուտբոլիստների գերազանց աշխատանքի արդյունքն է, իսկ պարտությունների համար պատասխանատու ենք բոլորս՝ առաջին հերթին ֆուտբոլի ֆեդերացիան, մեր ֆուտբոլային հանրությունը, իրականությունը: Պահանջները եւ ցանկությունները պետք է համադրելի լինեն իրականության հետ, իսկ ներկայումս դրանք անհամադրելի են: Վստահ եմ, որ շուտով դրանք կհամընկնեն եւ մեծ մրցաշարերի ուղեգիր նվաճելը չի դառնա ապրելու կամ մեռնելու խնդիր, համազգային հարց, հրաշք, այլ կլինի ուղղակի աշխատանքի՝ որակով կատարված աշխատանքի արդյունք:

ՀՖՖ-ն վերջերս ակտիվացել է. նոր մարզադաշտեր հանրապետության տարբեր բնակավայրերում, այլ կարևոր նախաձեռնություններ: Ի՞նչ նոր անելիքներ է նախանշել ֆեդերացիան:

Ինչ վերաբերում է ծրագրերին, ապա դրանք հաստատվել եւ ներկայացվել են դեռեւս անցյալ տարեվերջին: Այդ ծրագրերի մասն են կազմում Փոքր դաշտերի ծրագիրը՝ Հայաստանի տարբեր բնակավայրերում՝ 20×40 մ չափերով, արհեստական խոտածածկով խաղադաշտերի կառուցումն է, որի հիմնական նպատակը մասսայական ֆուտբոլի զարգացումն է: 2019 թվականին նման 51 խաղադաշտեր պատրաստ կլինեն, այդ թվում՝ Վայքի, Գեղարքունիքի, Տավուշի եւ Շիրակի մարզերում: 2020 թվականի ընթացքում պլանավորում ենք եւս 100 խաղադաշտերի կառուցում՝ բացառապես մարզերում: Գրեթե պատրաստ են բոլոր տարիքների համար մարզչական ծրագրերը՝ շաբաթական կտրվածքով, անհրաժեշտ տեսական եւ գործնական բացատրություններով, տեսաձայնագրություններով. ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի գլխավորած մարզչական թիմը մշակել է Հայաստանի համար հատուկ ծրագիր՝ օգտագործելով համաշխարհային առաջատար երկրների նման փորձերը եւ այն տեղայնացնելով: Ծրագրել եւ իրականացնում ենք նաեւ մեծաթիվ կրթական ծրագրեր՝ մարզչական, մրցավարական դասընթացներ, աշխատանքեր ՖԻՖԱ-ի եւ ՈւԵՖԱ-ի հետ:

Ընդ որում՝ արժե նշել, որ այս պահին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարական կոմիտեն եւ մրցավարական բաժինը ղեկավարում են նախկինում ֆուտբոլի ֆեդերացիաներ գլխավորած անձինք՝ ՀՖՖ նախկին նախագահ Սուրեն Աբրահամյանը եւ Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Միխալ Լիստկեւիչը: Երկար տարիներ Հայաստանը ՈւԵՖԱ-ի կոմիտներում ունեցել է ընդամենը 2 ներկայացուցիչներ. վերջին 1 տարվա ընթացքում այդ թիվը մեծացել է եւ այս պահին ՈւԵՖԱ-ի տարբեր կոմիտեներում ունենք արդեն 5 ներկայացուցիչներ: Հաստատվել է 2019-25 թթ. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ռազմավարությունը, իրականացվում են մեծածավալ աշխատանքներ ՀՖՖ փաստաթղթային, իրավական հիմքերն ամբողջապես նորացնելու ուղղությամբ (կանոնակարգեր, կանոնադրություններ եւ այլն), մեծ տեղ է տրվում կանանց ֆուտբոլի, ֆուտզալի զարգացմանը եւ այլն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ