Գլխավոր Իրավական Ռոբերտ Քոչարյանը մամուլը ոչնչացնելու ճանապարհի հիմք դրեց Հայաստանում․ Մեսրոպ Մովսեսյան

Ռոբերտ Քոչարյանը մամուլը ոչնչացնելու ճանապարհի հիմք դրեց Հայաստանում․ Մեսրոպ Մովսեսյան

21
0

«Ա1+»- ը սկսում է իրավական նոր գործընթաց՝ 17 տարի առաջ իր խախտված իրավունքները վերականգնելու համար։

«17 տարի մենք այս նույն գործընթացի մեջ ենք, և թեթև դադարը, որ եղավ վերջին 3 տարում, չի նշանակում, որ մենք մտադրություն չունեինք շարունակելու, առջևում մրցույթ է սպասվում, որին մենք մտադիր ենք մասնակցել, բայց մասնակցելուց առաջ կուզենայինք բոլոր հարցերի պատասխանները ստանայինք»,-այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց «Ա1+»-ի  տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը։

«Ա1+»-ը մասնակցել է 7 մրցույթի և 7-ում էլ ստացել է մերժում։ «Ա1+»-ի տնօրենն ըընդգծում է, որ այդ մերժումները եղել են անհիմն և կարգադրանքի ներքո․

«Կա Ռոբերտ Քոչարյանի դրվագը այս ամենի մեջ, ով մեր պատմության սկիզբը դրեց։ Ռոբերտ Քոչարյանն էր, որ որոշում կայացրեց, որ «Ա1»-ը պետք է զրկվի, և կատարածուները արեցին, արեցին իրենց կարծիքով փայլուն՝ համարելով մեզ թույլիկ, համարելով մեզ խաբեբա, համարելով անգրագետ և շատ ուրիշ պիտակներ կախելով»։

Մեսրոպ Մովսեսյանը կարծում է՝ հիմա դաշտը մաքուր է, և այդ մաքրության մեջ ուզում են առաջին հերթին մաքրել  «Ա1+»-ի  անունը, որը պղծվել է 17 տարի շարունակ։

«Հանդես գալով որպես «Ա1+»-ի  հիմնադիր և ղեկավար՝ ես կարող եմ ասել, որ այստեղ ավելի կարևոր հարց պետք է բարձրացվի՝ խոսքի ազատության վրա ոտնձգություն ունեցող այն ժամանակվա իշխանության  ներկայացուցիչների մասին է խոսքը։ Հիմնականում «Ա1+»-ը հանդիսացավ որպես զսպաշապիկ ամբողջ մամուլի վրա»։

Մեսրոպ Մովսեսյանն ընդգծում է նաև այն դրվագը, որ «Ա1+»-ի՝ լիցենզիայից զրկման առաջին իսկ օրերից շատ լրատվամիջոցներ հայտարարություն արեցին, որ իրենք համաձայն չեն «Ա1+»-ի  դիրքորոշմանը, ինչ նշանակում էր, որ պատրաստ են ծառայել իշխանությանը։

«Ռոբերտ Քոչարյանը մամուլը ոչնչացնելու ճանապարհի հիմք դրեց Հայաստանում, և այդ ճանապարհով շարունակեցինք ապրել 17 տարի։ Հիմա ես կուզենայի, որ Ռոբերտ Քոչարյանը, գտնվելով դատարանում, պատասխան տար նաև մամուլի և խոսքի ազատության հանդեպ իր ոտնձգության համար։ Բոլորը այսօր ինչ-որ բողոք ունեն մամուլից, որ մամուլը իր դերը չի կատարում, բայց որևէ մեկը չի հիշում՝ հիմքը երբ դրվեց և ինչու այդպես ամրապնդվեց»։

«Ա1+»-ի  տնօրենի դիտարկամբ՝ ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը վախի մթնոլորտն էր, որը «Ա1+»-ի միջոցով Ռոբերտ Քոչարյանը ստեղծեց մեր երկրում․

««Ա1+»-ը շատ դժվար տարիներ է ապրել, 17 տարի առանց որևէ աջակցության  որևէ կողմից գոյատևել է, հասել է մինչև այսօր, և այսօր իրավունք ունի ձայն բարձրացնել իր ոտնահարված իրավունքները վերականգնելու համար»։

Հարցին, թե որքանո՞վ է հեռուստաընկերությունը այսօր պատրաստ վերադառնալ եթեր, Մեսրոպ Մովսեսյանն արձագանքեց․

«Առաջին հերթին մենք վստահ ենք մեր ուժերի և թիմի վրա, թիմը ունակ է աշխատել։ Տեխնիկական և ֆինանսական և մասով,իհարկե, 17 տարվա ընթացքում մենք մաշվեցինք տեխնիկապես, ֆինանսապես, ծանր օրեր ունեցանք, բայց շանսը նա է, որ դատարանը, որը պետք է նայի այս գործը, ճիշտ կգնահատի մեր այս քայլը»։

Հեռուստաընկերության տնօրենն ընդգծում է՝ այսօրվա քայլը որևէ մեկի դեմ չէ, նույնիսկ՝ Ռոբերտ Քոչարյանի, այսօրվա քայլը դատարանների դեմ է, որոնք 17 տարի առանց մտածելու՝ ինչ են անում, գործել են և նույն մամուլը հասցրել են ծանր վիճակի․

«Ես կարծում եմ, որ Կառավարությունը, որը պետք է լուրջ մտածի իր ապագայի մասին, այսօր պետք է ամեն ձև աջակացություն ցուցաբերի, որ այս հարցը ճիշտ լուծում ստանա»։

Աղբյուրը՝  a1plus.am