Գլխավոր Հասարակություն Ռուս մեքենավարները ՀՀ-ում են փորձի փոխանակման նպատակով. ՀԿԵ

Ռուս մեքենավարները ՀՀ-ում են փորձի փոխանակման նպատակով. ՀԿԵ

23
0

Գյումրու լոկոմոտիվային դեպոյում երեկ  տեղի ունեցած իրադարձության մասին ՀԿԵ-ն այսօր հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ոչ թե հայ մեքենավարների փոխարեն են աշխատելու ՌԴ-ից եկած մեքենավարները, այլ նրանք այստեղ են զուտ փորձի փոխանակման նպատակով: Գյումրի եկած մեքենավարները «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ կազմակերպության աշխատակիցներ են, ովքեր ըստ հայտարարության պրակտիկ դասընթացներ են անցնում Հայաստանի երկաթուղու տարածքում՝ Հարավկովկասյան երկաթուղու հրահանգիչ-մեքենավարների ղեկավարությամբ:

«Ծրագիրը նպատակ չի հետապնդում հայ մեքենավարներին փոխարինել օտարերկրյա մասնագետներով: Նախագծի շրջանակներում ՀԿԵ մեքենավարները փորձի փոխանակման և որակավորումը բարձրացնելու նպատակով շուտով գործուղվելու են Ռուսական երկաթուղիների ձեռնարկություններ: Փորձի փոխանակման և որակավորումը բարձրացնելու պրակտիկան լայն տարածում ունի Ռուսական երկաթուղիների տարբեր ստորաբաժանումների և դուստր ձեռնարկությունների շրջանում, ինչպես նաև «1520» տարածաշրջանում»,-ասված է հայտարարության մեջ:

Հայաստան եկած ռուս մեքենավարները , քանի որ հանդիսանում են ռուսական փոխադրողի գործող աշխատակիցներ, ուստի աշխատավարձ են ստանալու «Ռուսական երկաթուղիներ»-ից:

Հայտարարության մեջ նաեւ ընդգծված է, որ Հարավկովկասյան երկաթուղու մեքենավարների աշխատավարձը 2019 թվականին աճել է 16,6%՝ կազմելով 354 հազար ՀՀ դրամ, մեքենավարների օգնականների՝ 13,3%, մինչև 249 հազար դրամ: Լոկոմոտիվների մեքենավարների և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող միջին աշխատավարձերի հարաբերակցությունը կազմում է 198,6%՝ գրեթե կրկնակի ավելի:

Հիշեցնենք, որ երեկ, նոյեմբերի 19-ին, Գյումրու լոկոմոտիվային դեպոյի մեքենավարներին թույլ չէին տվել վարել գնացքները: Նրանց փոխարեն չվերթն իրականացրել էին  ՌԴ-ից հայաստան եկած մեքենավարները: Հայերին, առանց նախապես զգուշացնելու, ուղարկել են հանգստի: