Գլխավոր Uncategorized Սահմանադրական դատարանը պատանդ է նախորդների ճիրանում

Սահմանադրական դատարանը պատանդ է նախորդների ճիրանում

10
0

Դեռևս նախորդ տարի հրապարակված դատաիրավական բարեփոխումների հայեցակարգը նախորդ օրենսդրական կարգավորումների՝ ՍԴ անդամների վաղ կենսաթոշակի գնալ,  բարեվարքության կանոններ և այլնի հետ,  կոչված է լուծել հետհեղափոխական Հայաստանի դատաիրավական համակարգի խնդիրները՝ դատական համակարգի հանրային վստահության վերականգնումը և դատական համակարգի հանրային լեգիտիմությունը։ Ըստ էության, գոյություն ունի հանրային կոնսենսուս թե՛ իշխանության և թե՛ ընդդիմության ներկայացուցիչների կողմից որ դատարանները և դատական համակարգը ընդհանրապես չեն վայելում ժողովրդի վստահությունը և չեն ապահովում արդարության հասարակական պահանջը։ Այս իրողությունը արձանագրվել է նաև միջազգային բազմաթիվ հեղինակավոր ինստիտուտների և մարմինների զեկույցներում ու արձանագրություններում։

Գաղտնիք չէ, որ նախորդ քսանհինգ տարիների ընթացքում նախկին կոռումպացված և կլանային համակարգը, առանց միջոցների խտրականության, իրեն էր ենթարկել դատաիրավական համակարգը՝ սկսելով ամենակարևորից՝ Սահմանադրական դատարանից։ Եվ, ըստ այդմ, հեղափոխության ամենաառաջնային խնդիրը հենց Սահմանադրական դատարանի ազատագրումն ու լեգիտիմության վերականգնումն էր՝ առանց որի հնարավոր չէ պատկերացներ դատարանների և դատական համակարգի բարեփոխումը։ Այս ճանապարհին սակայն, ինչպես տեսնում ենք  միայն օրենսդրական կարգավորումները  բավարար չեն։ Նախկին կոռումպացված ռեժիմը դեռևս հեղափոխությունից առաջ հասցրել իր  ամենահավատարիմ ծառաներից մեկին՝ Հրայր Թովմասյանին նշանակել Սահմանադրական դատարանի նախագահ և, որոշակիորեն փոխելով և հաստատելով ՍԴ ներկայիս կազմը, այն դարձնել հակահեղափոխության բաստիոն։ Նախկինների հաշվարկն այն  էր, որ հեղափոխությունը և նրա առաջնորդները ընտրելով էվոլյուցիոն, օրենսդրակաիրավական ճանապարհը՝ ուղղակի կհաշտվեն ռեժիմի մնացուկ սահմանադրական դատարանի հետ և իրենք դրանով կապահովագրեն իրենց ապագա իրավական գործընթացներից՝ այդպիսով պահպանելով իրենց թալանածը, կլանային կապերը և իրավական անձեռնմխելիությունը։ Սակայն, իրերի զարգացման հետագա ընթացքը ցույց տվեց,  որ եթե ոչ այսօր և ոչ ընթացիկ կարգավորումներով, ապա այնուամենայնիվ սահմանադրական ճգնաժամի լուծումը ժամանակի հարց է՝ նրա անդամների կազմի զգալի փոփոխությունը թոշակի գնալու ճանապարհով կամ յալ կարգավորւմներով։

Այս տեսանկյունից առավել կարևոր է հասկանալ, որ այս ճգնաժամում սահմանադրական դատարանի անդամները ոչ թե հեղափոխության թշնամիներն են այլ պատկերավոր ասած պատանդներ՝ նախորդ ռեժիմի և նրա շոշափուկների ձեռքում, որոնք փորձում են ամեն կերպ պատանդառուներին պահել հնազանդության մեջ և նրանց հեղինակազրկելով չթողնել արժանապատիվ նահաջի ոչ մի հնարավորություն։ Որքան էլ պարադոքսալ հնչի, այս իրավիճակում հեղափոխական իշխանությունները և սահմանադրական դատարանի անդամները անուղղակի բնական դաշնակիցներ են որոնց շահերը համընկել են՝ ձերբազատվել նախորդ ռեժիմի կապանքներից, վերադարձնել իրենց հեղինակությունը և հանրային լեգիտիմությունը և դատական համակարգի բարձրագույն ինստիտուտի գործունեությունը վերադարձնել բնականոն հուն։

ԱԺ-ը ընդունած վաղ կենսաթոշակի մասին օրենքը հենց այն փրկության ձեռքն է, որն ուղղվել է սահմանադրական դատարանի անդամներին, որի միջոցով նրանք հնարավորություն են ստանում ազատվել հրայրթովմասյանական ճահիճից, վերականգնել իրենց բարի համբավը և վերջիվերջո լեգիտիմության վերականգնման գործընթաց սկսել՝ ի շահ սահմանադրական դատարանի բարձր հեղինակությոանը և իրենց հանրային իմիջի։

Մյուս կողմից սակայն, հապաղումը որը մենք տեսնում ենք սահմանդրական դատարանի անդամների կողմից՝ ոչ պակաս չափով պայմանավորված է իրենց պատանդության վերցրած նախկինների   շանտաժից՝ երբ նախկինների քարոզչամեքենան ամենօրյա ռեժիմում սպառնում է նրանց անձնական կյանքի մանրամասների հրապարակմամբ և նմանատիպ «հետապնդումներով»։

Այսու, կարող ենք փաստել որ ներկայիս սահմանադրական ճգնաժամի հանգուցալուծումը նախևառաջ անհրաժեշտ է հենց սահմանդրական դատարանի անդամներին՝ ազատվելու նախկինների լծից ու շանտաժից և  նաև վերականգնելու իրենց և իրենց դատարանի հեղինակությունը և հանրային լեգիտիմությունը։