Գլխավոր Լուրեր Վարչապետն ընդունել է լեգենդար մարզիկ Սերգեյ Բուբկային

Վարչապետն ընդունել է լեգենդար մարզիկ Սերգեյ Բուբկային

1
0

varcgՎարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, լեգենդար մարզիկ Սերգեյ Բուբկային: Կառավարության ղեկավարը ողջունել է ճանաչված մարզիկի այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն կնպաստի մեր երկրում աթլետիկայի և ընդհանրապես սպորտի զարգացմանն ու մասսայականացմանը երիտասարդների շրջանում: «Երիտասարդ տարիներին մենք հպարտանում և մեծ ոգևորություն էինք ապրում Ձեր հաջողություններով: Ուրախ ենք, որ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի հետ հաստատել եք ջերմ կապեր և նախաձեռնել նոր ծրագրեր: Հայաստանի կառավարությունը շարունակելու է նոր միջոցներ ձեռնարկել՝ սպորտի մասսայականացմանը հասնելու նպատակով»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Սերգեյ Բուբկան շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ սպորտի զարգացմանը մեծ աջակցություն ցուցաբերելու համար: «Ինձ համար մեծ պատիվ է արժանանալ նման ընդունելության: Հանդիպումներ ենք ունեցել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հետ: Կարևոր է, որ այսօր սպորտի բնագավառը ղեկավարում են Յուրի Վարդանյանի և Ռոբերտ Էմմիյանի նման լեգենդար մարզիկները: Ուրախ ենք տեսնել, թե ինչպես է այսօր Հայաստանը վերականգնում իր սպորտային մեծ ավանդույթները»,- նշել է Սերգեյ Բուբկան:
Տեղեկացվել է, որ աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի աջակցությամբ առաջիկայում Երևանի «Հրազդան» մարզադաշտում տեղադրվելու է աթլետիկայի ժամանակակից վազքուղի, ինչը թույլ կտա անցկացնել միջազգային ամենաբարձր մակարդակի մրցումներ:
Սերգեյ Բուբկան շնորհակալություն է հայտնել նաև հոկտեմբերի 27-30-ը Բալկանյան երկրների ասոցիացիայի կազմում ընդգրկված ֆեդերացիաների մարզական արդյունքների տարեվերջյան ամփոփիչ միջոցառումը Երևանում բարձր մակարդակով անցկացնելու համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ