Գլխավոր Քաղաքական Վերսկսված պատերազմական գործողություններում մեղքի իրենց բաժինն ունեն ԱՄՆ-ը և Ռուսաստանը. թուրքագետ

Վերսկսված պատերազմական գործողություններում մեղքի իրենց բաժինն ունեն ԱՄՆ-ը և Ռուսաստանը. թուրքագետ

108
0

Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում վերջին ժամերին դարձել են ոչ միայն լայն մտահոգությունների ու միջազգային լրատվամիջոցների լուսաբանման թեմա, այլև իրական սպառնալիք են ստեղծել Սիրիայում ապրող հայության համար: Այսօր արդեն հայտնի դարձավ, որ թուրքական բանակի գործողությունների հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Բարեբախտաբար, նրանց թվում, գոնե այս վերջին տեղեկությունների համաձայն, հայեր չկան: ՀՀ կառավարության այսօրվա նիստում վերջին զարգացումներին անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը. գործադիրն այս հարցով դռնփակ նիստ է նախատեսել: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես դատապարտել է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը:

Բացի այդ, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Ինչպես գիտեք, թուրքական զորքերը Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ են սկսել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կրակի տակ են առնվել նաև Սիրիայի հայաբնակ բնակավայրերը, կապ հաստատեցի հյուպատոս Արմեն Սարգսյանի հետ՝ իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով: Այս պահին թուրքերը գնդակոծում են Թել Աբյադ քաղաքը, որտեղ 16 հայ ընտանիք կա: Նախատեսվում է շուտով կազմակերպել նրանց տարհանումը: Բացի այդ, Կամիշլին, որտեղ նույնպես ազգությամբ հայ բնակիչներ կան, գնդակոծվում է»:

Պաշտոնապես տեղեկացվում է, որ Կամիշլիի հայկական դպրոցներն այս պահին փակ են: Անդրադառնալով թուրք-սիրիական հակամարտության վերջին զարգացումներին, թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը Araratnews.am-ի հետ զրույցում նշեց, որ վերսկսված պատերազմական գործողությունների մեջ կա նաև ԱՄՆ-ի և ՌԴ-ի մեղքի բաժինը: «Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը, փաստորեն, «կանաչ» լույս վառեցին այս ամենի համար: ԱՄՆ-ը, թեև վճռեց դուրս բերել իր զորքերը Սիրիայի հյուսիսից, Սենատն էլ իր հերթին դատապարտեց Անկարայի գործողությունները, բայց դա ընդամենը ձևականություն էր, արտաքին լսարանի համար էր, իսկ ներքին կարգով, փաստորեն չընդդիմացավ Թուրքիային: ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովի հայտարարությունն էլ ոչինչ չասող տեքստ էր, ինչից կարելի է ենթադրել, որ պաշտոնական Մոսկվան էլ ինչ-ինչ շահերի դիմաց թուրքամետ չեզոքություն պահեց: Մինչդեռ թուրք-սիրիական հակամարտության հարցում գլխավոր ազդեցիկ ուժերը հենց ԱՄՆ-ն ու ՌԴ-ն են»: Թուրքագետը արտառոց չհամարեց Հունգարիայի, Քաթարի և նույնիսկ Իսպանիայի՝ թուրքամետ հայտարարությունները, որոնց քայլերում ևս առկա է որոշակի շահի գործոնը:

Ինչ վերաբերում է Սիրիայում ապրող հայության ճակատագրին և հայկական կողմի քայլերին, Անդրանիկ Իսպիրյանի կարծիքով՝ այս պահի դրությամբ մեր ներուժը սահմանափակ է, բայց անելիքը՝ հստակ է. «Մեր խնդիրն այս փուլում հրետակոծվող ու հրթիռակոծվող շրջաններից հայության տարհանումն է: Ամեն ինչ պետք է անել հայության շրջանում կորուստներից խուսափելու համար: Ցավոք, այս պահին, մեր հնարավարությունների սահմանն այս է»,- նշեց Անդրանիկ Իսպիրյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ