Գլխավոր Աշխարհ Վիճակը շատ լուրջ է. ֆրանսահայ գործիչը՝ Ֆրանսիայի համազգային գործադուլի մասին

Վիճակը շատ լուրջ է. ֆրանսահայ գործիչը՝ Ֆրանսիայի համազգային գործադուլի մասին

28
0

Ֆրանսիայում նախօրեին՝ դեկտեմբերի 5-ին մեկնարկեց համազգային գործադուլը՝ ընդդեմ կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականության, այդ թվում՝ կենսաթոշակային ռեժիմի փոփոխության: Ի՞նչ է կատարվում Ֆրանսիայում, ինչո՞ւ են այդ երկրի քաղաքացիները դժգոհ նախագահ Մակրոնից, և ի՞նչ զարգացումներ սպասել առաջիկայում: Այս ու այլ հարցերի շուրջ զրուցել ենք ֆրանսահայ հայտնի հոգեբան, հասարակական գործիչ Երեմյա Ալեքսանյանի հետ:

Պարոն Ալեքսանյան, Ֆրանսիայում շարունակվող անժամկետ ցույցերը որքանո՞վ են լուրջ և ո՞րն է Ձեր մեկնաբանությունն այդ առթիվ:

Դե ժողովրդի համբերության բաժակը լցվել է, այն էլ՝ վաղուց: Ֆրանսիայի քաղաքացիները գիտակցում են արդեն, որ Մակրոնը ծառայում է ոչ թե ժողովրդին, այլ հարուստներին: Դեղին բաճկոններով խորհրդանշվող համազգային ցույցերը այդ ամենի արտացոլումն են: Մեծ հաշվով, նախագահ Մակրոնը մեղավոր չէ, նա պարզապես կատարում է Եվրամիության, Համաշխարհային բանկի ցուցումները: Եվ ժողովուրդը դեմ է այդ ամենին, թոշակների իջեցմանը, այլ որոշումներին: Ամեն դեպքում լուրջ դժգոհություն կա:

Այսինքն՝ կարելի՞ է պնդել, թե Ֆրանսիայի քաղաքացիները ցանկանում են իշխանությունից հեռացնել նախագահ Էմանուել Մակրոնին:

Այո, համենայնդեպս՝ մեծ մասը: Եվ համազգային գործադուլը հենց դրա ապացույցն է…

Իսկ, գուցե, հարցը Մակրոնը չէ, անձը չէ, այլ համակարգային խնդիրներն են և պետք է համակարգային լուծում էլ առաջադրել:

Ֆրանսիայի նախագահը, իշխանությունները ունակ չեն այս պահին որևէ լուրջ բարեփոխում անելու, որքան էլ միտքս քննադատական և կոպիտ հնչի: Որպես խնդիրների լուծման արդյունավետ քայլ՝ կարևոր է ժողովրդի պահանջատիրությունն ու վճռականությունը: Որևէ ղեկավարի հեռացնելու համար պարտադիր չէ դիմել ծայրահեղ քայլերի, անհրաժեշտ է պարզապես զրկել նրան ազդեցությունից, այսինքն՝ ժողովրդի հեղափոխական ոգին, պայքարը պետք է բխի այս գիտակցությունից: Ֆրանսիացիները չպետք է նախագահին հնարավորություն տան, ուշադրության արժանացնեն կամ կարևորեն:

Հետաքրքիր է, նախագահին լուրջ մրցակից կա՞, եթե, օրինակ, նա հրաժարական տա:

Իմ կարծիքով՝ ոչ, մրցակից չկա: Ընդդիմությունը շատ թույլ է: Մտավորականությունն էլ դերակատարում չունի, ճիշտ այնպես՝ ինչպես Հայաստանում: Հենց մտավորական մարդիկ պետք է գեներացնեն զարգացումները, բերեն փոփոխությունների թարմ ու դրական շունչը…

Ֆրանսիան գրավիչ և հարուստ երկրի համարում ունի, շատերը, այդ թվում՝ հայերը, ձգտում են բնակություն հաստատել, աշխատել այդ երկրում: Մի՞թե այդքան վատ է Ֆրանսիայի վիճակը:

Այո, իսկապես ամեն ինչ վատ է: Մեծ խնդիրներ կան, կրթության, տնտեսության, այլ ոլորտներում: Ամեն դեպքում, ֆրանսիացի հեղափոխական ժողովուրդն արթնացավ: Հույս ունեմ, այս պայքարը հաջողությամբ կպսակվի:

Զրուցեց Արա Ալոյանը