Գլխավոր Միջազգային Վրացական ընդդիմությունը բողոքի ցույցերը կտեղափոխի նաեւ շրջաններ

Վրացական ընդդիմությունը բողոքի ցույցերը կտեղափոխի նաեւ շրջաններ

11
0

Այն բանից հետո, երբ վրացական իշխանության եւ ընդդիմության բանակցություններն ընթացան անարդյունք, ընդդիմությունը որոշում է կայացրել երկրում տեղի ունեցող ցույցերի մասշտաբներն ընդլայնել՝ ներառելով նաեւ շրջանները:

Վրացական ընդդիմադիր «Նոր Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն հայտարարել է, որ ցույցերը կմեկնարկեն դեկտեմբերի 6-ին՝ երկրում մեծությամբ երկրորդ՝ Քութայիսի քաղաքից: Այնտեղ դեկտեմբերի 6-ին նախատեսվում է մեծ երթ իրականացնել, որը կմեկնարկի ժամը 14:00-ին:

Ըստ Վաշաձեի՝ իրենք սպասում են ընդդիմության նախապատրաստած ընտրական համակարգի օրինագծի վերաբերյալ ԵԱՀԿ-ի եզրահանգմանը: Նամակը ԵԱՀԿ-ին կուղարկվի վաղը: Դրանից հետո, ըստ «Նոր Վրաստանի» առաջնորդի, որոշվելու է ամենամեծ հանրահավաքի ամսաթիվը: Երեքշաբթի, չորեքշաբթի կամ հինգշաբթի օրը ցույցի մասնակիցները նաեւ կարգելափակեն խորհրդարանի շենքը: Ընդդիմության առաջնորդները նշում են, որ  Վրաստանում սկսվելու է լայնածավալ դիմադրության շարժում, որի համար իրենք հատուկ մշակված ծրագիր ունեն:

Երկրում ցույցերը չեն հանդարտվում այն բանից հետո, երբ  նոյեմբերի 14-ին խորհրդարանը տապալեց ընտրական օրենսդրության սահմանադրական բարեփոխումների նախագիծը:

Ընդդիմությունը պահանջում է, որպեսզի կառավարությունը կատարի իր խոստումը եւ 2020-ից անցկացնի ընտրություններ համամասնական (կուսակացական) ընտրական համակարգով, զրոյական անցողիկ շեմով, իսկ իշխող քաղաքական ուժը հրաժարվում է այդ պահանջի կատարումից:

Բողոքի ցույցերին բացի քաղաքացիական ակտիվիստներից ու անհատ խմբերից, մասնակցում են 25-ից ավելի ընդդիմադիր կուսակցություններ ու շարժումներ, որոնք միավորվել են գործող իշխանության դեմ: Ցույցերի մեկնարկից ի վեր մի քանի տասնյակ ձերբակալվածներ կան: