Գլխավոր Քաղաքական Տարեվերջին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կրկին կհանդիպեն

Տարեվերջին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կրկին կհանդիպեն

12
0

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հոկտեմբերի 14-17-ը տարածաշրջան կատարած իրենց այցելությունից հետո հայտարարություն են տարածել:

ԵԱՀԿ մամուլի ծառայությունը մասնավորապես  տեղեկացնում է, որ  համանախագահները հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Երևանում հոկտեմբերի 15-ին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հոկտեմբերի 17-ին Բաքվում, և խորհրդակցություններ անցկացրել երկու երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ:

Այցի ընթացքում համանախագահները հանդիպել են նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:

Լեռնային Ղարաբաղում գտնվելու ընթացքում համանախագահները զրույց են ունեցել նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի հետ:

Երկու երկրների ղեկավարները համանախագահներին ներկայացրել են Աշխաբադում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում իրենց վերջին երկխոսության մանրամասները և իրենց տեսլականը, թե ինչպես է հնարավոր առաջ մղել կարգավորման գործընթացը:

Համանախագահները ողջունել են մարդասիրական և անվտանգային յուրահատուկ միջոցառումների ձեռնարկման հեռանկարները՝ ուղղված հասարակություններին խաղաղությանը նախապատրաստելուն և լարվածությունը թուլացնելուն:

«Համանախագահները ևս մեկ անգամ ընդգծել են ԵԱՀԿ գործող նախագահի մշտական ներկայացուցչի հովանու ներքո, նրա մանդատին ու երկարատև փորձառությանը համաձայն, դիտարկման առաքելության ծայրահեղ անհրաժեշտությունը: Համանախագահները կողմերին կոչ են արել լիարժեք սատարել ԵԱՀԿ գործող նախագահի մշտական ներկայացուցչի և նրա թիմի գործողություններին և ապահովել մոնիտորինգային առաքելությունների հնարավոր խոչընդոտների անհապաղ վերացումը:

Արտաքին գործերի նախարարները հաստատել են համանախագահների հովանու ներքո հանդիպման պատրաստակամությունը մինչև տարեվերջ:

Համանախագահները շուտով կմեկնեն Վիեննա՝ հանդիպելու ԵԱՀԿ մշտական խորհրդի և Մինսկի խմբի երկրների ներկայացուցիչներին»,-նշված է հայտարարության մեջ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ