Գլխավոր Լուրեր «Տվեցինք նրանց հետաքրքրող հարցերի պատասխանները». Վարչապետը հանդիպել է ՏՏ ոլորտի մասնագետների հետ

«Տվեցինք նրանց հետաքրքրող հարցերի պատասխանները». Վարչապետը հանդիպել է ՏՏ ոլորտի մասնագետների հետ

4
0

A13BEA9B-32B4-48CF-89C2-F02CB32CF291_w640_r1_s

Այսօր Ազգային Ժողովի արտահերթ նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը իր ելույթում անդրադարձավ նաեւ կուտակային կենսաթոշակների մասին օրենքին եւ նշեց, որ քաղաքացին պարտավոր է պետության հետ միասին մտածել իր ապահով ծերության համար:

Նա ասաց, որ լրացուցիչ խթան ստեղծելու համար  2014-ի պետական բյուջեի նախագծում մենք հատկացրել ենք 20 միլիարդ դրամ,  քանի որ 275 հազար աշխատող քաղաքացի հունվարի 1-ից պետք է անցնի նոր համակարգի: Առաջին վճարումները մինչեւ փետրվարի 20-ը քաղաքացիները պետք է իրականացնեն իրենց անհատական հաշվին:

Վարչապետը համոզված է, որ տարիների ընթացքում կուտակված միջոցները խթանելու են ՀՀ-ի տնտեսական զարգացմանը:

«Որովհետեւ մենք ձեւավորելու ենք  երկար փողերի շուկա:Սա բացառիկ հնարավորություն է հաղթահարել այն ծուղակը, որում մենք հայտնվել ենք՝ մեր համերաշխության սկզբունքի ներքո: Միեւնույն ժամանակ, մենք հասկանում ենք, որ կա մի մեծ հատված, որը դժգոհում է  այս համակարգից, քանի որ այս համակարգը որոշակի բարդություններ եւ դժվարություններ է ստեղծելու  մեր քաղաքացիների համար»,- ասաց վարչապետը:

Մյուս կողմից, ըստ վարչապետի, կառավարությունը մտածում է ապագա սերունդների մասին, որովհետեւ ընդամենը 23 տարի հետո առաջին օգտվողները կուտակային  հաշիվներից ի հայտ են գալու.

«Բայց մենք գիտակցելով  եւ ստանձնելով այս քաղաքական պատասխանատվությունը, համոզված ենք, որ օր առաջ մենք այս համակարգը պետք է ներդնենք, որպեսզի հաղթահարենք կենսաթոշակային ճգնաժամը, որը մեզ սպասում է»,- իր ելույթում ասաց Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը նշեց, որ երեկ հանդիպում է ունեցել նաեւ ՏՏ ոլորտի մասնագետների հետ, ովքեր նույնպես ակտիվ քննադատում եւ դեմ են այս կուտակային կենսաթոշակային համակարգին:

«Երկուսուկես ժամ բանավեճ էր,  որի ընթացքում մենք ավելի լավ հասկացանք թե ինչ հարցեր են մտահոգում մեր քաղաքացիներին եւ տվեցինք նրանց հետաքրքրող հարցերի պատասխանները: Մի բան ինձ չափազանց ուրախացնում է: Մենք տեսնում ենք, թե օրեցոր ինչպես  ուժեղանում քաղաքացիակայն հասարակությունը եւ այս ռեֆորմը ընդամենը  4 տարվա ընթացքում կրկնապատկելու է քաղաքացիական հասարակության ուժը»,-ասաց վարչապետը:

Նա հավելեց, որ շուրջ 275 հազար քաղաքացի ամեն ամիս վերահսկելու են ՀՀ կառավարությանը, որովհետեւ կառավարությունը  պարտավոր է ամեն ամիս կրկնապատկել քաղաքացիների խնայողությունները: Եվ 275 հազար քաղաքացի ամեն օր  վերահսկելու են օպերատորին, որը կառավարելու է կենսաթոշակային հիմնադրամը, եւ վերահսկելու են տոկոսադրուքները:

«Քաղաքացիական հասարակություն՝ նշանակում է անվստահություն այն գործիքների նկատմամբ, որոնք պարտադրում են քաղաքացուն այս կամ այն գործողությունը»,- ասաց վարչապետը:

Տիգրան Սարգսյանի ելույթից հետո քվեարկության դրվածˋ Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ օրենքի նախագիծն ընդունվեցˋ 70 «կողմ», 46 «դեմ» եւ 1 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ