Գլխավոր Իրավական Ցուցմունք են կորզել. նոր հանգամանքներ՝ 14 տարի առաջ կատարված սպանությունից

Ցուցմունք են կորզել. նոր հանգամանքներ՝ 14 տարի առաջ կատարված սպանությունից

67
0

Շաբաթներ առաջ գրել էինք, որ  իրավապահները 14 տարվա սպանություն են բացահայտել: Նոր Արեշի բնակարաններից մեկի նկուղից հայտնաբերել են 82-ամյա Նինա Յաղուտյանի դիակը:

Սպանության դրդապատճառը, ըստ պաշտոնական հայտարարության, սպանվածի ոսկեղենին տիրանալն է եղել:

Araratnews.am-ն այսօր մեղադրյալ Վարդան Սիմոնյանի փաստաբան Յուրա Ավայանից տեղեկացավ, որ նա պաշտպանյալի խափանման միջոցը գրավով փոխելու միջնորդություն է ներկայացրել դատարան:

Փաստաբանը նաև ասաց, որ իր պաշտպանյալը  գրավոր տեղեկացրել է՝ վարույթ իրականացնող մարմինը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետն ու պետի տեղակալը խաբեությամբ ցուցմունք են կորզել նրանից: «Իմ պաշտպանյալը չի ընդունում մեղադրանքը»,- մանրամասնեց փաստաբանը:

Հարցին՝ քննչական ինչ գործողություններ են եղել մեղադրյալի հետ, փաստաբանն ասաց. «Քննչական կոմիտեն դատաձեռագրաբանական եւ դատաբժշկական փորձաքննություն է նշանակել»:

Սպանության համար մեղադրվողը, փաստաբանի խոսքով, չի ցանկանում իսկական մարդասպանի անունը տալ, ավելին՝ մեղադրյալը վստահեցնում է՝ իրավապահներին հաղորդում տվածի տեղեկությունն արժանահավատ չէ: «Հաղորդում տված անձն ասել է, թե ովքեր են իրեն պատմել դիակի գտնվելը, չէր կարող այդքան ինֆորմացիա իմանալ, այդ ինֆորմացիա տվողին տեսնել, քանի որ 14 տարի առաջ նա երեխա էր»,- մանրամասնեց փաստաբանը:

Ինչ վերաբերում է սպանության շարժառիթին՝ սպանվածի ոսկեղենին տիրանալուն, փաստաբանն ասաց՝ ճիշտ չէ այդ հանգամանքը բարձրաձայնելը, քանի որ փաստական տվյալ չէ, «Դա առայժմ ենթադրություն է»,-  ավարտեց իր խոսքը փաստաբան Յուրա Ավայանը:

Հիշեցնենք՝ դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն),  որն ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ, կազմվել է քննչական խումբ:

Սոնա Դավթյան