Գլխավոր Քաղաքական Քաղաքական մտածողությունը թույլ չի տա, որ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն վերածվեն կաստաների

Քաղաքական մտածողությունը թույլ չի տա, որ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն վերածվեն կաստաների

31
0

Ազգային ժողովն օրերս առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծ, որով նախատեսվում է ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները հանել ոստիկանության պաշտոնների և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից, և դրանք համարել քաղաքական պաշտոններ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ զբաղեցրած պաշտոններն ազատեցին ԱԱԾ տնօրենը և ոստիկանապետը։

Araratnews.am-ը քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ զրուցեց այս պաշտոնների՝ քաղաքական դառնալու հետևանքների մասին։

Քաղաքագետը նախագիծը միանշանակ դրական համարեց․ «Նախևառաջ սա հնարավորություն է տալիս, որպեսզի այդ կառույցները չվերածվեն կաստաների, ավելի թափանցիկ լինեն խորհրդարանական վերահսկողության համար, և, բացի դրանից էլ, բարեփոխումներ են պետք այդ կառույցներում իրականացնել»։

Հարցին՝ ի՛նչ բարեփոխումներ նկատի ունի, և արդյոք այս նախագծով հնարավոր է իրականացնել նշյալ բարեփոխումները, Մեհրաբյանը նշեց․ «Ակնհայտ է, որ այդ կառույցները կարիք ունեն նորացման, թարմացման, արդիականացման, խոսքը ոչ միայն տեխնիկականի մասին է, որը, անշուշտ, ևս կա, որովհետև մենք տեսնում ենք, թե գիտատեխնիկական առաջընթացն ինչ տեմպերով է զարգանում, բայց սա նաև իր հետևից բերում է աշխատելաոճի փոփոխության անհրաժեշտություն, և որպեսզի խզումներ չլինեն այնտեղ, բարեփոխումների համար ավելի բարենպաստ պայմաններ պետք է ստեղծվեն, իսկ դա քաղաքականություն է։ Հետևապես այդ կառույցները, այո՛, պետք է գլխավորեն մարդիկ, ովքեր ունեն նախևառաջ քաղաքական մտածողություն»։

Իսկ արդյոք ոստիկանությունը, ԱԱԾ-ն, լինելով ավանդական կառույցներ, կկարողանան քաղաքական մտածելակերպով մարդուն ընդունել․ «Այստեղ ընդամենը հնի ու նորի, ավանդականի և արդիականի միջև փիլիսոփայական հակամարտություն է։ Հետևապես համակարգն այլընտրանք չունի։ Ի՛նչ պետք է անեն, որ չընդունեն»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է նախագծի ընդդիմախոսներին, ովքեր պնդում են, որ այդ համակարգերը քաոսի կվերածվեն, Մեհրաբյանն արձագանքեց․ «Իշխանությունը ժամանակին մերժեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» այս առաջարկը, բայց հիմա ժամանակը ցույց տվեց, որ նրանց մոտեցումը ճիշտ էր, և իշխանությունը համառություն չդրսևորեց այդ հարցում և ընդունեց ռացիոնալ որոշում։ Իսկ ընդդիմադիր ասվածներն ընդամենը հիբրիդային պատերազմ են հայտարարել Հայաստանին, և Հայաստանում կատարվող ցանկացած փոփոխություն նրանց «մտահոգությունն է» առաջացնում։ Ես այդ ամենը ոչ թե քննադատություն կամ իրական մտահոգություն կհամարեի, այլ պարզ վայրահաչություն։ Ի վերջո, այս աղբը, որ մենք ժառանգել ենք և հիմա զբաղված ենք աղբահանությամբ, այդ խելոքների թողածն է»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ