Գլխավոր Հասարակություն Հանցագործություն կատարած որևէ դպրոցի տնօրեն չի կարող կրթական հաստատություն ղեկավարել

Հանցագործություն կատարած որևէ դպրոցի տնօրեն չի կարող կրթական հաստատություն ղեկավարել

20
0

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Քրեական հանցագործություն կատարած որևէ դպրոցի տնօրեն չի կարող կրթական հաստատություն ղեկավարել, մենք չենք կարող մեր երեխաների կրթությունն ու դաստիարակությունը վստահել այն մարդկանց, ովքեր գողացել են պետությունից, աշխատողից, աշակերտից… Այս մոտեցումը մնալու է անփոփոխ և նույնիսկ այն դեպքերում, երբ նախկին բարքերին հարմարված, վախեցած կամ այլ կապերով փոխկապակցված ու տարբեր պարտադրանքների տակ ճկված կառավարման խորհրդի անդամները կտան իրենց ձայնը պաշտոնեական կեղծիք կատարած նախկին տնօրենին/այսօրվա թեկնածուին, միևնույն է, բոլոր նման դեպքերում ընտրվելու կարճատև բերկրանքին հաջորդելու է ազատման հրամանը:

Կոռումպացված տնօրենները դպրոցներում անելիք չունեն ու նրանց չի փրկելու նաև հանրապետական քաղաքապետի հետ խնամիական կապը: Հանրապետական քաղաքապետի ու նրա հեռու-մոտիկ հարազատների կողմից «գրավյալ» կառույցները ղեկավարելու մենաշնորհը պետք է դադարեցվի: Լոռին լոռեցունն է, ինչպես որ Ստեփանավանը ստեփանավանցունն է, ու այդ քաղաքում ղեկավար պաշտոն զբաղեցնելու նախապայմանը Ղարաքեշիշյան ընտանիքի անդամն ու բարեկամը լինելը չպետք է լինի, այլ որակը, արդյունքը, գիտելիքն ու հմտությունները և, ինչո՞ւ չէ, նաև փորձառությունը: Եվ եթե փորձառությունը, ապա միայն արարելու, այլ ոչ կեղծելու ու պաշտոնեական դիրքը չարաշահելու փորձառությունը:

Հանրապետական թալանչիների թալանածի պտուղները մենք քաղում ենք այսօր նաև Լոռու մարզում: Դրա կարկառուն դրսևորումներն ակնհայտ են հատկապես Ստեփանավանում, որտեղ սոցիալական ծառայության նախկին պետը՝ ներկա քաղաքապետի որդին, պետությանը շուրջ 500 մլն դրամի վնաս պատճառելու գործով քրեական գործի գլխավոր դերակատարն է, ով արդեն իսկ վերականգնել է պատճառած վնասի 1/4-ը: Մեկ այլ քրեական գործ էլ հարուցված է քաղաքապետի հետ խնամիական կապի մեջ գտնվող Ստեփանավանի դպրոցներից մեկի տնօրենի նկատմամբ: Այս պարագայում լավագույն լուծումը, թերևս, կարող է լինելը լռելն ու ներկա իրողություններին հարմարվելը կամ հեռանալը: ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐՆ Է…)»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ