Գլխավոր Իրավական 13 անձ է ձերբակալվել Իջևանի անկարգությունների դեպքով. ՔԿ

13 անձ է ձերբակալվել Իջևանի անկարգությունների դեպքով. ՔԿ

4
0

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ստացվել և վարույթ է ընդունվել Իջևան քաղաքում Ոստիկանության ծառայողների նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու, խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

2019 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 18-ի սահմաններից սկսած, մի խումբ անձինք, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի խստացման հետ կապված իրենց դժգոհություններն արտահայտելու նպատակով փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Իջևան քաղաքի Երևանյան ու Իջևանյան փողոցների հատման խաչմերուկի հատվածը:

Այդ ընթացքում՝ ժամը 20:30-ի սահմաններում, մի խումբ անձինք, խուլիգանական դրդումներով դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով Իջևան քաղաքի բնակիչների և երթևեկության մասնակիցների նկատմամբ, բղավել, հայհոյել են, վնասել նշված խաչմերուկում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառի թիթեղյա ծածկը, գործադրել բռնություն:

Մասնավորապես՝ բողոքի ակցիայի մասնակիցների մի մասը որպես զենք օգտագործվող առարկաների՝ քարերի և մահակների գործադրմամբ մարմնական վնասվածքներ են պատճառել հասարակական կարգի ապահովման նպատակով հիշյալ վայրում ծառայություն իրականացնող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ոստիկանության մի շարք աշխատակիցներին և, չենթարկվելով վերը նշված հանցավոր գործողությունները դադարեցնելու նրանց օրինական պահանջին, ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված, գործադրել են ինչպես կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր, այնպես էլ՝ վտանգավոր բռնություն:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական առիթ՝ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով: ՀՀ քննչական կոմիտեի նախագահը հանձնարարություն է տվել քրեական գործի նախաքննությունը ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակելու վերաբերյալ: Կազմվել է քննչական պլան, կատարվել և կատարվում են անհետաձգելի բազմաթիվ քննչական գործողություններ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Մի խումբ անձանց կողմից որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 13 անձ, ևս 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու, նրանց գործողությունները անհատականացնելու, նրանց ինքնությունը պարզելու և գործողություններին քրեաիրավական գնահատական ուղղությամբ: